Բնակիչները երրորդ ենթակայան չեն ուզում
Նոր, ժամանակակից, երկհարկանի էլեկտրաենթակայանի կառուցումը Երևանի Սայաթ-Նովա 35 շենքի բակում վրդովեցրել է բնակիչներին:
Բնակիչների խոսքերով, ենթակայանն անօրինական է եւ բակում 40 քմ տարածք է զբաղեցնելու:
«Ոչ մեկ բնակիչներից տեղյակ չէր, մենք առաջին անգամ էինք իմանում, էդ որոշումը կայացվել է չգիտեմ ում կողմից»,- ասաց բնակիչներից Հայկ Իշխանյանը։
1954թ. կառուցված այս շենքն արդեն ունի մեկ էլեկտրաենթակայան, ինչպես նաեւ մեկ ենթակայան կա տարածքի մանկապարտեզի հարեւանությամբ: Երկուսն էլ գործող են: Իսկ նոր ենթակայանի տեղն ընտրվել է աղբանոցի հատվածում, որը պետք է խաղահրապարակ դառնար բակի երեխաների համար:
Կառուցվելիք ենթակայանը, որը սպասարկելու է նաև հարակից շենքերը, վտանգավոր կդառնա տարվա ավելի անձրևոտ և ցուրտ եղանակին:
Բնակիչների խոսքերով՝ անձրեւների դեպքում իրենց բակում ջրային կուտակումները հասնում են մինչև կես մետրի:
Սայաթ- Նովա 35 հասեցում նոր էլեկտրաենթակայանի կառուցումը կանխելու համար բնակիչները ստորագրահավաք են սկսել:
Իսկ «Էլեկտրական ցանցեր» ընկերությունից «Ա1+»-ին խոստացան պարզաբանումներ տալ միայն վաղը: