Հեծանվային առաջին երթուղին Երևանում (տեսանյութ)
Ընդամենը մեկ օրից Երևանում պաշտոնապես կգործի հեծանվորդների համար նախատեսված երթուղին:
«Ամենահարմար տեղը, որը գրեթե ամբողջ կենտրոնը սպասարկում է, դա Օղակաձև զբոսայգին է: Սկսվում է հենց սկզբնամասից, այսինքն մոտավորապես Մոսկովյան -Մաշտոց խաչմերուկի մոտից և ավարտվում է Զորավար Անդրանիկի արձանի մոտ»,-«Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Կանաչաստան» ՀԿ բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը:
Ըստ փորձագետի, իրենք չեն սահմանափակելու միայն մեկ երթուղով, քանի որ Երևանի ռելիեֆը թույլ է տալիս զարգացնել հեծանվային տրանսպորտը:
Փորձագետի հավաստմամբ, իրենց բոլոր գործողությունները համաձայնեցված են քաղաքապետարանի հետ.«Քաղաքապետարանի կարծիքը շատ դրական է եղել. քաղաքում նորություն է մտնում, սա նորարարական քայլ է»:
Արման Վերմիշյանի խոսքերով մոտ 2.5 կմ երկարություն ունեցող երթուղին դեռ կատարյալ չէ. « Այստեղ անելու գործ շատ կա, խոչընդոտներ կան, բայց ժամանակի ընթացքում այդ ամենը կհարթվի»,-ասաց Արման Վերմիշյանը:
Հեծանվորդների խոսքերով երթուղու Վարդան Մամիկոնյանի արձանի հետնամասում գտնվող հատվածը շատ անհարմար է հեծանիվ վարելու համար:
«Այստեղ քարուքանդ վիճակ է, նույնիսկ հետիոտնի համար վտանգավոր է զբոսնելու համար, ուր մնաց հեծանվորդը, որ անարգել երթևեկի, առայժմ ոչ մի պայման չեմ տեսնում»,-«Ա1+»-ին հայտնեց «Հեծանիվ+» ՀԿ նախագահ Սամվել Հովհաննիսյանը:
Ինչպես ընդգծեցին հեծանվորդները.սա էկոլոգիապես ամենամաքուր, ամենաառողջարար տրանսպորտային միակ միջոցն է և դրա զարգացման համար պետք է ստեղծվեն բոլոր պայմանները: