«Դիջիթեք» -ից ոգեշնչված ՊՆ-ն նոր ցուցահանդես կանի
8-րդ «Դիջիթեք» ամենամյա տեխտոլոգիական ցուցահանդեսին ներկայացված են նաև այնպիսի բարձր տեխնոլոգիաներ, որոնք կարևոր ռազմավարական նշանակություն ունեն։ Հենց այդ տեխնոլոգիաներն էլ գրավել են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուշադրություննը։ Այսօր՝ ցուցահանդեսի անցկացման 2-րդ օրը, նախարարը շրջեց բոլոր այն տաղավարներով, որոնց արտադրանքը կարող է նպաստել հայաստանյան ռազմաարդյունաբերությանը։
«Այսօր ցուցահանդեսին ներկա կազմակերպությունների մեծամասնությունը համագործակցում է մեր ռազմական արդյունաբերության վարչության հետ, և ինչպես բոլոր բանակները, այնպես էլ մենք լայնորեն փորձում ենք օգտագործել տեղեկատվական առաջատար այս տեխնոլոգիաները»,- այսօր լրագրողներին ասաց ՊՆ նախարար Սեյրան Օրանյանը։ Նախարարն, ուսումնասիրելով ցուցահանդեսին ներկայացված բարձր տեխնոլոգիաները, որոշել է անցկացնել նոր ցուցահանդես, որտեղ կներկայացվեն բոլոր այն կազմակերպությունները, որոնք ռազմական արդյունաբերության ոլորտում կարող են համագործակցել Պաշտպանության նախարարության հետ։
«Այս տարի այն կանցկացվի սպառազինության և ռազմական տեխնիկայի կոլեգիայից մի քանի օր առաջ։ Նպատակն այն է, որ հրամանատարները կարողանան առանձին ծանոթանալ այս տեխնոլոգիաներին»,- ասաց Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքերով՝ այդ ծանոթության արդյունքում կընդլայնվեն նաև համագործակցությունը և պատվերները։
Պաշտպանության նախարարության հետ է համագործակցում Երևանի մաթեմատիկական մեքերաների գիտահետազոտական ինստիտուտը,որը ցուցահանդեսին մասնակցում է 2006թ.-ից։
«Դիջիթեք»-ին ինստիտուտի աշխատակիցները ներկայացնում են իրենց պատրաստած նռնականետի և հրաձգային զենքերի վարժասարքերը։ «Սրանք իրենց մեջ ներառում են ուսուցողական համակարգեր, ինչպես նաև տեսական նյութերի գնահատման համակարգեր և շատ արդյունավետ են հրաձիգների պատրաստման համար»,- ասում է ինժեներ- ծրագրավորող Սիմոն Հովհաննիսյանը։