Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբոտները շարժվում էին Մերգելյան ինստիտուտում

Հասարակություն
4740c8b6d8915e394e588372ac90c20d

«Դիջիթեք» 8-րդ տեխնոլոգիական ցուցահանդեսին,որը անց է կացվում Մերգելյան ինստիտուտում, այս տարի մասնակցում է 120 կազմակերպություն։

Առաջին անգամ «Դիջիթեք» ամենամյա տեխնոլոգիական այս ցուցահանդեսին են մասնակցում նաև Ախթալայի դպրոցականները։

2 ամիս տևած աշխատանքի արդյունքում աշակերտները պատրաստել են մի ռոբոտ, որն էլ այսօր ներկայացնում էին բարձր տեխնոլոգիաների կողքին։

«Քանի որ մեր այս ռոբոտը ծրագրավորված չի, մենք ուզում ենք ավելի լավը պատրաստել»,- ասաց Ախթալայի դպրոցի աշակերտ Մանան Աբովյանը։

Աշակերտները խոստանում են՝ «Դիջիթեք» հաջորդ ցուցանահդեսին մասնակցելու են ավելի կատարելագործված ռոբոտներով։

Ռոբոտներ են պատրաստում նաև Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտները։ Ռաբոտների պատրաստման հարցում նրանք ավելի կատարելագործված են։ 11-րդ դասարանցիները իրենց դասերին զուգահեռ սովորում են նաև ռոբոտոտեխնիկա։

Պոլիտեխնիկցիների պատրաստած ռոբոտը կարողանում է շարժվել նախատեսված սև գծով, տարբերում է գույները, ունի նաև տեսողական սենսոր. այսինքն՝ հեռավորության վրա որևէ խոչընդոտ տեսնելու դեպքում միանգամից կանգ է առնում։

«Արդեն 2 տարի է՝ մենք «Labview» ծրագրով գրված ռոբոտներ ենք պատրաստում։ Ամբողջը մեր ձեռքերով ենք պատրաստում, հետո ծրագիրը գրում ենք համակարգչով ու տեղադրում ենք ռոբոտի մեջ, և ռոբոտը սկսում է աշխատել»,- իրենց աշխատանքն է ներկայացնում ՀՊՃՀ ավագ դպրոցի աշակերտը։

Նույն դպրոցի աշակերտ Գրիգոր Գրիգորյանն իր ռոբոտը ստեղծել է ընդամենը մի քանի օրում։

Այն նախատեսված է ձեռքերի խնդիր ունեցող հաշմանդամների համար։ «Ռոբոտը այն մարդկանց համար է, ովքեր չեն կարողանում շարժել իրենց ձեռքը։ Իսկ ռոբոտի վրայի շարժիչներն էլ մարդու համար դառնում են հավելյալ մկանային համակարգ ու ավելի են հեշտացնում շարժումը»,- ասում է Գրիգորը։ Նրա երազանքն է «Դիջիթեք» հաջորդ ցուցահանդեսին ներկայացնել մի ռոբոտ, որը ոչ թե կաշխատի մարդու համար, այլ կլինի մարդու նմանությամբ և կաշխատի լրիվ առանձին։