ՀՀ-ում թիկնապահներին շահագործում են
Մինչ «Պահնորդության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, ըստ «Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանի, պետք է հրավիրել համապատասխան մասնագետների, «որպեսզի օրենքը ճիշտ բովանդակությամբ ընդունվի եւ հնարավոր լինի խուսափել տարընկալումներից»:
«Թիկնապահներն այն մարդիկ են, որոնք նվիրաբերում են իրենց կյանքը տվյալ մարդկանց: Եթե այս օրենքը ընդունվի եւ պարտադիր լինի լիցենզիաներ ունենալը, հարյուրավոր թիկնապահներ ուղղակի կլքեն երկիրը: Արդյունքում, չգիտենք, մեր հանրապետությունը դրանից կուժեղանա, թե կթուլանա, քանի որ մեր կողքին ունենք հակասական հարեւաններ»,- հայտարարեց պարոն Դավթյանը:
Ըստ նախատեսվող օրենսդրական փոփոխությունների՝ թիկնապահների թիվը պետք է կրճատվի, իսկ թիկնապահական ծառայությունն այսուհետ պետք է դառնա ոստիկանությանն առընթեր ծառություն, երբ թիկնապահն իր «տիրոջ» ինֆորմացիան պետք է տրամադրի նաեւ ոստիկանությանը: Դա, ըստ Արսեն Դավթյանի, ոչ մի պատվիրատուի դուր չի գա:
Թե ինչ չափանիշներն են ներառվելու լիցենզիա տրամադրելու մեջ, պարոն Դավթյանը տեղյակ չէ. «Չեն ասել, թե ինչ չափանիշներով է լիցենզիան լինելու, միայն ասել են, որ պետք է պակասեն թիկանապահների թիվը... Սակայն մեկը կարող է ունենալ 7 թիկնապահ, որոնցից 3-ին ձեւակերպի, ունենա լիցենզիա, իսկ մյուս 4-ին մասաժիստ կամ մեկ այլ բան ներկայացնի: Առաջին հերթին մենք պետք է կայունացնենք մեր պետությունը, հետո մտածենք՝ թիկնապահներ պետք է ունենա՞նք, թե՞ ոչ: Օրինակ՝ զարգացած երկրներում այդպես է. ոչ մի վարչապետ կամ այլ ղեկավար անձ չունի թիկնապահ»:
Արսեն Դավթյանը նշեց, որ իրենք առաջարկները ներկայացրել են բոլոր պատկան մարմիններին. «Սակայն մնում է լսող լինի: Հասկանում եք՝ սա ԱԺ քննարկման հարց չէ, այլ դա փոքրիկ կրուգի հարցի՝ իրավապահների շրջանում քննարկվող հարց է»:
Անդրադառնալով «Հարսնաքար»-ի դեպքերին ու թիկնապահների գործողոթյուններին՝ նա նշեց, որ մի քանիսի պատճառով պետք չէ բոլորի մասին վատ կարծիք ունենալ. «Գյուղ չկա, որ շուն չլինի: Նման պահվածք ունեցող թիկնապահներն հիմնականում նրանք են, որոնք սպորտում հաջողություն չեն ունենում ու փորձում են թիկնապահ լինել եւ գնում են ծանոթների մոտ աշխատանքի ընդունվում»:
Մեր այն հարցին, արդյոք «Հարսնաքար»-ի թիկնապահների կազմում կան «Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայի սաներ, պարոն Դավթյանը պատասխանեց. «Ես չեմ ճանաչում նրանց, նրանք չեն սովորել մեզ մոտ»: Ի դեպ, նա խուսափեց նշել, թե իրենց 13 տարվա գործունեության արդյունքում քանի շրջանավարտ են ունեցել, այլ միայն նշեց, որ այս տարի ոչ մեկին լիցենզիա չեն տվել, քանի որ ոչ մեկը չի համապատասխանել իրենց չափանիծներին:
Նա կոչ արեց բոլոր հարուստներին ճիշտ օգտագործել թիկնապահների ներուժը, քանի որ նրանք հանուն այդ հարուստի գնում են մահվան, մինչդեռ շատ հաճախ այդ նույն տերը շահագործում է թիկնապահների ներուժը. «Թիկնապահն այսօր ՀՀ-ում չի գնահատվում. նրա աշխատավարձը սկսվում է 100 հազար դրամից, եւ նա իրավունք չունի այդ մասին հարցնելու: Թիկնապահը պետք է աշխատի մաքսիմում 12 ժամ, դրանից ավելի աշխատողներն այլեւս թիկնապահներ չեն, իսկ ՀՀ-ում թիկնապահն աշխատում է 26 ժամ, դա ուղղակի շահագործում է»: