Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ պապն է կառուցել ԱԳՆ շենքը

Հասարակություն
dd413181fbdffc584a3b03bc090ef9d7

«Ա1+»-ը փորձել է պարզել, թե ինչպես են քաղաքացիները վերաբերվում Կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմանը` այն է մոտ 51 մլն դոլարով ԱԳՆ շենքը վաճառել «Տանգո» ընկերությանը:

«Մի ուրիշ տեղ կտեղափոխեն նախարարության շենքը, իշխանությունների համար մեկ է, միայն թե շահ ունենան, - ասում է քաղաքացի Վաղինակ Կարապետյանը: -Ես միանշանակ դեմ եմ, որ նախարարության շենքը վաճառվի»:

«Արդեն սովորել ենք ամեն անօրինական երևույթի, էլ չենք էլ զարմանում: Ես դեմ եմ այս անօրինությանը, այսպես չի կարելի», - ասաց մեկ այլ քաղաքացի, ով չցանկացավ ներկայանալ:

«Եթե հյուրանոց դառնա, մեր երկրի բյուժե հարկ մուծեն, կստացվի, որ մեր երկրի համար շահավետ էր ԱԳՆ-ի շենքի վաճառքը: Թե չէ, այսպես թե այնպես, մեր ժողովուրդը ոչ մի շահ չունի այս շենքից: Նախարարության նույն աշխատողները գնալու են, մի ուրշ տեղ նստեն, էլի նույն ձևով աշխատեն: Կարծում եմ` էական փոփոխություն չի լինի, - նշում է մեր հարցման մասնակից Պավել Բարսեղյանը:

«Սա աբսուրդ է: Այս շենքը իշխանությունների պապերը չեն հիմնադրել, որ վաճառեն: Այս պետական կառույցը ո´չ Սերժի պապն է կառուցել, ո´չ էլ խմելու հետ սեր ունեցող վարչապետի պապը, որ բռնեն ու վաճառեն»,- վրդովված նշում է Լյովա Սահակյանը:

« Իրար մեջ առնում են ու ծախում, փող են աշխատում մարդիկ... Արդյունքում տուժում է ժողովուրդը», - ասում է Խաչիկ Գևորգյանը:

Ի դեպ, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեն Երեւանի Հանրապետության հրապարակի մասին իր հոդվածում ԱԳՆ շենքին անդրադառնում է այս կերպ. « Հրապարակի հյուսիս-արևմտյան մասում է գտնվում ՀՀ Կառավարության 2-րդ շենքը, ուր այժմ գործում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Ուշադրություն դարձրեք շենքի ճակատամասին արված քանդակներին. ի տարբերություն կառավարության 1-ին` ժամացույցով շենքի հարուստ ու գեղաքանդակ ֆրիզների (եզրազարդերի)` նախարարության շենքի պատուհանների շուրջ արված ֆրիզներն անավարտ են»։

Հանրապետության հրապարակի հինգ կարեւորագույն շենքերը կառուցվել է 1920-50-ական թթ-ին։