Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեւակոխում ենք ստորագրման փուլ

Հասարակություն
05b91be2e84fa9b876bee98bba06a653

Այսօր տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 13-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` ՀՀ-Եմ Ասոցացման, Խոր և համապարփակ ազատ առևտրի, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի կնքման ուղղությամբ կատարված աշխատանքների ներկայացումը, ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի 3-րդ եռամսյակի կատարողականի ամփոփումը, ինչպես նաև 2012թ. մայիսի 15-ին Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված «Արևելյան գործընկերություն. Ճանապարհային քարտեզ 2012-2013թթ.» փաստաթղթով նախանշված միջոցառումների` ՀՀ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների ամփոփ ներկայացումը:

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 4-ին Երևանում տեղի է ունեցել Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների 2-րդ փուլը, իսկ առաջիկա երկու ամիսները լի են ՀՀ-ԵՄ համագործակցության նոր զարգացումներով, մասնավորապես առաջիկայում Բրյուսելում տեղի կունենա Հայաստան -Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 10-րդ լիագումար նիստը և ԵՄ-Հայաստան համագործակցության կոմիտեի հերթական նիստը: «Հայաստանը թևակոխում է ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման համաձայնագրի ստորագրման փուլ և 2012-2013թթ. գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները պետք է սահմանված ժամկետում և ամբողջությամբ իրականացվեն: Ավարտական փուլում են նաև ԵՄ-ի հետ մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները»,- նշեց Արթուր Բաղդասարյանը: Միջգերատեսչական հանձնաժողովն արձանագրեց, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրման մասով բավականին առաջընթաց կա, աշխատանքները նորմալ տեմպերով իրականացվում են, ինչն էլ հիմք է տալիս ենթադրել, որ 2013թ. վերջին համաձայնագիրը կստորագրվի:

Խոսելով 2012թ. մայիսի 15-ին Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակվաշծ «Արևելյան գործընկերություն. Ճանապարհային քարտեզ 2012-2013թթ.» փաստաթղթով նախանշված միջոցառումների մասին` Ազգային անվտանգության խորհրդի Քարտուղարը նշեց. «Ճանապարհային քարտեզը կենտրոնանում է համատեղ համաձայնեցված հիմնական նպատակների վրա` քաղաքական համագործակցություն և տնտեսական ինտեգրում, անվտանգ ու արդյունավետ կառավարվող միջավայրում քաղաքացիների շարժունակության ընդլայնում և ոլորտային կայուն համագործակցություն: Փաստաթղթում ներկայացված պարտավորությունները հիմնականում իրականացվում են ՀՀ գերատեսչությունների կողմից և ունեն բնականոն զարգացումներ»:
Նիստի ամփոփիչ հատվածում Միջգերատեսչական հանձնաժողովի անդամերը հանդես եկան իրենց գերատեսչությունների մասով կատարված աշխատանքների մասին զեկույցներով:
Այս մասին հայտնում է ԱԱԽ մամլո ծառայությունը։