«Պետք է պատասխան տան 2004-ի մեղավորները»
2004 թվականի ապրիլի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժնում Գրիշա Վիրաբյանին դաժան ծեծի ենթարկած անձինք այսօր էլ պաշտոնավարում են: ՙԱյդ մարդիկ այսօր էլ կան եւ պաշտոնների առաջխաղացում են ունեցել՚,- ՙԱ1+՚-ի հետ զրույցում ասաց «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը, որն էլ Վիրաբյանի հայցը ներկայացրել էր Եվրադատարան: Այն շահել է, եւ ՀՀ-ն պարտավոր է կատարել ԵԴ վճիռը՝ վճարելով Վիրաբյանին 31 հազար եվրո գումար:
Տիգրան Տեր-Եսայանը այս վճիռը դժվարանում է հաղթանակ անվանել. ՙՍա հարաբերական հաղթանակ է. մարդուն ազատությունից զրկել են, առողջությանը մեծ վնաս են հասցրել, հիմա՝ 9 տարի անց, Եվրոպական դատարանը ճանաչում է նրա իրավունքը: Շատ ծանր հետեւանքներով գործ էր, Գրիշան ծանր վիրահատություն տարավ: Բայց նման դեպքերից հետեւություն անողը պետք է լինի պետությունը ՚,-ասում է Տիգրան Տեր-Եսայանը:
Հիշեցնենք, որ 2004 թվականի ապրիլյան հայտնի դեպքերի ժամանակ էր տեղի ունեցել Գրիշա Վիրաբյանի դաժան ծեծը, որի արդյունքում վիրահատել էին նրա ամորձիները:
ՙՔոչարյանը վերջին ժամանակներում դիպուկ հարցադրումներ է անում. լավ կլիներ այդ հարցադրումներն աներ իր իշխանության օրոք՚,-պատասխանելով մեր հարցին ասաց Տիգրան Տեր-Եսայանը: Այսօր ըստ նրա, մենք քաղում ենք անցյալի պտուղները: ՙՄեկ օրում չի ստեղծվել այն համակարագը, երբ մարդու հրավիրում են ոստիկանություն, այնտեղից տանում են վիրահատության. դա ոչ այսօր է եղել, ոչ երեկ: Եվ պետք է այն ժամանակվա մեղավորներն էլ այսօր պատասխան տան՚:
Փաստաբանը նկատում է, որ նման գործեր ԵԴ-ում շատ չեն. ՙԵվրոպական պետություններում էլ կան մարդու իրավունքի ոտնահարման դեպքեր, որ թոշակառուի իրավունք է ոտնահարվում կամ այլ թեթեւ գործեր, բայց մեր նման երկրները շատ չեն: Այստեղ ճնշվում են քաղաքացիական ազատությունները՝ արտահայտվելու իրավունքը, հանրահավաքների եւ ցույցերի անցկացման իրավունքը, խոսքի ազատությունը եւ այլն՚: