Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴ-ն մերժեց օմբուդսմենին

Հասարակություն
7e5a3bf49a40acf33d0375b547d04df3

Հոկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարանը քննության առավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործը: Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը դիմել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության և 9-րդ մասի 1-ին պարբերության, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

ՍԴ-ն գործը քննության առավ բանավոր ընթացակարգով:
ՍԴ-ում վիճարկվող դրույթները վերաբերում են կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուներին: Նրանք, մասնավորապես, պարտավոր են տարեկան առնվազն մեկ անգամ պատշաճ կարգով բանկին ներկայացնել իրենց ողջ լինելու մասին ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած փաստաթուղթը կամ ներկայանալ բանկ և հայտարարություն տալ` իրենց ողջ լինելու մասին:
Օրենքը սահմանում է, որ կենսաթոշակը վճարվում է նաև ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագիրը կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում ներկայացնելու դեպքում: Կենuաթոշակ վճարելը դադարեցվում է լիազորագիր չներկայացնելու կամ հայտարարություն չտալու դեպքում:

ՄԻՊ-ի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանի խոսքով` մտահոգիչ է հատկապես «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածը: Այն որոշակի պարտավորություններ է նախատեսում կենսաթոշակառուների համար: ՀՀ-ից դուրս գտնվող քաղաքացիներն այս հոդվածի համաձայն պարտավորվում են տարին մեկ անգամ իրենց ողջ լինելու մասին տեղեկանք ներկայացնել, որը պետք է հաստատված լինի միայն ՀՀ-ում նոտարական գործունեութուն իրականացնող նոտարի կողմից: Եվ միայն այդ պարագայում քաղաքացին կարող է ստանալ կենսաթոշակ: «Աշխատանքային կենսաթոշակը մեր գնահատմամբ ոչ համաչափ, ոչ օբյեկտիվ սահմանափակում է նախատեսում կենսաթոշակառուների համար: Այն հակասում է Սահմանադրության 37-րդ հոդվածին, որը երաշխավորում և ապահովում է քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքը»,- նշեց Արամ Վարդևանյանը:
ՄԻՊ ներկայացուցչի խոսքով` օրենքի դրույթը, որը պահանջում է, որ լիազորագիրը հաստատված լինի միայն ՀՀ նոտարի կողմից, հակասում է միջազգային երկու պայմանագրերի ` ԱՊՀ և ՀԱԱԳԱ-ի կոնվենցիաներին, որոնք երաշխավորում են, որ քաղաքացին կարող է չդիմել ՀՀ հյուպատոսին կամ դեսպանին, դիմել այնտեղի համապատասխան նոտարական գրասենյակին:
«Նման դրույթի նախատեսումը համահունչ չէ միջազգային պարտավորությունների հետ, որ ստանձնել է ՀՀ-ն: Դա էլ հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածին:

Հակասության դեպքում նախապատվություն պետք է տրվի միջազգային պայմանագրերին»,- նշեց ՄԻՊ ներկայացուցիչը:
«Կարծում եմ` այս դրույթյը որոշակի փաստացի դժվարություններ և խոչընդոտներ է առաջացնում, ուստի հաշվի առնելով ոլորտում առաջացած խնդիրները կենսաթոշակի կենսական նշանակությունը մեր քաղաքացիների համար, կարծում եմ` Սահմանադրական դատարանի որոշումը կնպաստի կենսաթոշակառուների իրավունքների խնդիրների հետ կապված արդյունավետ լուծմանը»:
ՄԻՊ ներկայացուցիչը մտահոգություն հայտնեց նաև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում մարտի 19-ին կատարված փոփոխությունների առիթով, որոնք նախատեսում են կենսաթոշակը նշանակելու համար որպես պարտադիր պայման հաշվառման մեջ լինելը: «Անձը վեց ամիս ՀՀ-ից բացակայելու դեպքում շարունակում է մնալ քաղաքացի, բայց կորցնում է իր հաշվառումը: Այն պարագայում, երբ քաղաքացին ունի նշանակված կենսաթոշակ և բացակայում է ՀՀ-ից, օրենքի դրույթի ոչ մի տառ չի վկայում այն մասին, որ այդ վեց ամսվա պահանջը պետք է տարածվի նաև այն անձանց վրա, ովքեր արդեն ստանում են կենսաթոշակ»: Մինչդեռ Ա. Վարդևանյանի խոսքով` եթե գոյություն ունի արդեն նշանակված կենսաթոշակ, դրա վերաբերյալ որևէ կարգավորում օրենքը չի նախատեսում:
Անձանց համար ոչ անհրաժեշտ և ոչ համաչափ պարտավորություններ, պահանջներ նախատեսելը ժողովրդավարական հասարակությունում չի կարող հանդիսանալ իրավաչափ, անկախ իր նպատակից:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթներով նախատեսված պահանջները հանգեցնում են ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածով երաշխավորված անձի սոցիալական ապահովության իրավունքի այնպիսի սահմանափակման, որը չունի օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում:

Պատասխանող կողմի ներկայացուցչի խոսքով` նախկինում գործող օրենսդրության համեմատ այսօր գործող օրենքը որոշակի դրական տեղաշարժ է արձանագրել: Եթե նախկինում գործող կարգի համաձայն կենսաթոշակառուն կարող էր կենսաթոշակ ստանալ նաև արտերկրի նոտարի վավերացրած լիազորագրի հիման վրա, սակայն այն դադարեցվում էր 12 ամիս անընդմեջ չստանալու դեպքում, այժմ կարող է ստանալ անվերջ, սակայն պարտադիր պետք է ներկայանա ՀՀ:
ՍԴ դահլիճում ներկա գտնվող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր խոսքում նշեց, որ չի կարծում, թե իրենք քաղաքացիների շահերից չբխող առաջարկություն են ներկայացրել: «Հաշվի ենք առել այն առանձնահատկությունը, որ կենսաթոշակի իրավունքը ավտոմատ գործող իրավունք չէ: Մարդը չի կարող այդ իրավունքը իրացնել որոշակի պայմանների դեպքում, երբ նա չի աշխատում, այլ վճարովի աշխատանք չի կատարում: Ելնելով դրանից նախատեսել ենք այս կարգավորումը. Առաջադրել պայման: Այն բավարարելու դեպքում կենսաթոշակառուի իրավունքը իրացնելն է, չբավարարելու դեպքում` չիրացնելը:

«Հաշվի առնելով մեր կողմից ներկայացված բոլոր հիմնավորումները, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 8-րդ կետով, խնդրում ենք որոշել պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին, 1-ին պարբերության և 9-րդ մասի 1-ին պարբերության, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի` ՀՀ Սահմանադրության 37-րդ, 14.1 և 43-րդ հոդվածների համապատասխանության հարցը»,- իր եզրափակիչ խոսքում նշեց Ա. Վարդևանյանը:
Գործով որոշում կայացնելու համար դատարանն անցավ դռնփակ խորհրդակցության:

Սահմանադրական դատարանը որոշեց, որ նշված հոդվածների դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

«ՓԱՍՏԻՆՖՈ»