Առաջին անգամ հավատարմագիր կտրվի
ՀՀ մշակույթի նախարարությունն այս տարի առաջին անգամ կառավարության որոշմամբ կտրամադրի մշակութային արժեքների փորձագետների հավատարմագրեր: Հայտերն ընդունվելու են նոյեմբերի 1-ից 15-ը:
Հավատարմագրերը, ինչպես հավաստիացրեց մշակութային արժեքների պահպանության գործակալության պետ Վահան Գասպարյանը, տրամադրվելու են հատուկ հրավիրված հանձնաժողովի կողմից փորձաքննության 37 ոլորտների համար, ինչպես` հնէաբանություն և հնէակենսաբանություն, մարդաբանություն, տարազ, ձեռագիր և տպագիր ժառանգություն, նվագարաններ և այլն:
Ինչ վերաբերում է Վերնիսաժում վաճառվող արվեստի նմուշներին, ապա, Վահան Գասպարյանի հավատմամբ, գնորդները առաջիկայում էլ որևէ խնդիր չեն ունենա դրանք տեղափոխելու հարցում:
Նշենք, որ 2004 թվականից ի վեր ցանկացած ստեղծագործություն, որի վրա կա ամսաթիվ և հեղինակի ստորագրություն, տեղափոխության հարցում խնդիրներ չի առաջացնում:
Բացառություն են կազմում մշակութային արժեքների պահպանական ցուցակում տեղ գտած 20-ից ավելի հեղինակները`օրինակ՝ Մինաս Ավետիսյան, Հակոբ Կոջոյան, Մարտիրոս Սարյան, որոնց տեղափոխումը թույլատրելի է միայն մշակութային արժեքների պահպանության գործակալության կողմից տրված հատուկ փաստաթղթի դեպքում: