Վազգեն Մանուկյանը Չինաստանում էր
Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի հրավերով սեպտեմբերի 26-29-ը
ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի
գլխավորությամբ, գտնվել է Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունում: Այս մասին հայտնում է Հանրային խորհրդի մամլո ծառայությունը։
Այցի նպատակը Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի և ՀՀ Հանրային խորհրդի միջև երկկողմ հարաբերությունների խորացումն ու զարգացման հեռանկարների քննարկումն էր:
ՀԽ պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ, Չինաստանի Պետխորհրդի (քաղբյուրո) անդամ պարոն Վանգ Գանգի հետ: Քննարկվել են երկու երկրներին հետաքրքրող տնտեսական և սոցիալական մի շարք հարցեր:
Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահը, ներկայացնելով
Չինաստանի վերջին տարիների ձեռքբերումները, անդրադարձել է նաև երկրի առջև
ծառացած խնդիրներին, որոնցից է երկրի ոչ համաչափ զարգացվածությունը: Նա
հայտնել է, որ իրենց առջև խնդիր է դրված մինչև 2020 թվականը հավասարեցնել
երկրի բոլոր հատվածների տնտեսական ցուցանիշները:
Վազգեն Մանուկյանը բարձր է գնահատել Չինաստանի դերը համաշխարհային
տնտեսության ոլորտում և կարևորել երկու երկրների տնտեսական
հարաբերությունների ակտիվացումն ու խորացումը` մասնավորապես Հայաստանում ներդրումների իրականացման համատեքստում:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրային խորհրդի և Չինաստանի տնտեսական և
սոցիալական խորհրդի միջև համագործակցության պայմանագիր էր ստորագրվել
ուղիղ մեկ տարի առաջ` 2011 թվականի սեպտեմբերի ամսին Հայաստանում:
Համագործակցության շրջանակներում նախատեսված է տարեկան մեկ անգամ
այցելություն կատարել գործընկեր երկիր և քննարկել երկու խորհուրդների
գործունեությունն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները,
որի շրջանակներում էլ կատարվել էր Հանրային խորհրդի պատվիրակության այցը: