Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կին ֆերմերները Կոնգրեսում էին

Հասարակություն
1de3d0cdb19bafeef5d1169bfbb0561b

ՀՀ բոլոր մարզերում գործող կանանց ֆերմերային խմբերից շատերն առաջին անգամ իրենց արտադրանքը սպառողներին ներկայացնելու հնարավորություն էին ստացել։

«Կանաչ արահետներ» ՀԿ-ի աջակցությամբ՝ կանանց ֆերմերային 12 խմբեր այսօր իրենց աշխատանքն էին ներկայացնում «Կոնգրես» հյուրանոցում։ Մեկօրյա ցուցահանդես-վաճառքը կազմակերպվել է ԱՄՆ դեեսպանության ֆինանսավորմամբ իրականացվող «Կանանց կենտրոնների հզորացումը Հայաստանում՝ ձեռներեցության զարգացման և աջակցության ցուցաբերման շնորհիվ» ծրագրի շրջանակներում։

Միջոցառմանը մասնակցող ֆերմերային խմբերի թվում էր նաև Վրաստանի Հանրապետությունից ժամանած խումբը։

«Նմանատիպ ցուցահանդես-վաճառքները պարզ են դարձնում, թե ինչ են փնտրում ու ուզում գնել սպառողները», -ասաց «Գարգառի ֆերմերային դաշտային դպրոց» խմբի ղեկավար Արմինե Մուրադյանը։

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը շատ բարձր է գնահատում իրենց համագործակցությունը «Կանաչ արահետի» հետ. «Կարևորն այն է, որ հիմնական թիրախը կանայք են, և օգնում ենք նրանց տնտեսապես կայունանալ ու զարգանալ»։ Նրա կարծիքով այս համագործակցությունը զարկ է տալիս տնտեսության զարգացմանը՝ ներառելով նաև և հիմնականում մարզերը։

Ներկայացված էին ձեռագործ աշխատանքներ, չրեր, դեղաբույսեր, կաթնամթերք, մեղր։

Ի դեպ, ներկայացված ապրանքները բավականին մատչելի էին։ Սրա պատճառը, ինչպես նշեց «Կանաչ արահետ» ՀԿ-ի խորհրդատու Լիա Ասատրյանը, այն է, որ ապրանքները վաճառվում են առանց միջնորդի։

Նա հավաստիացրեց, որ գները առաջիկայում էլ չեն բարձրանա, քանի որ արտադրողներն անձամբ են ապրանքը շուկա արտահանելու։