Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԱԿ-ը քեզ համար»

Հասարակություն
354314ad917256d45dfba102883a32dc

Այսօրվանից՝ մեկնարկում է Հայաստանում ՄԱԿ-ի ամիսը՝ «ՄԱԿ-ը քեզ համար» խորագրով: Այս իրադարձության տոնակատարության շրջանակներում ՄԱԿ-ը Արտաքին գործերի, Տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունների և «ՀայՓոստի» հետ կկազմակերպի ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակին և ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայության 20-րդ տարեդարձին նվիրված հատուկ փոստային նամականիշի մարման արարողությունը, որը տեղի կունենա ՄԱԿ-ի օրը՝ հոկտեմբերի 24-ին:

Նույն օրը ՄԱԿ-ի գրասենյակում կբացվի լուսանկարների պատմական ցուցահանդես: Այն կպատկերի ՄԱԿ-ի աշխատանքն ու ձեռքբերումները՝ ի աջակցություն կայուն զարգացման ուղղությամբ երկրի գործադրած ջանքերի, և կբարձրացնի հանրային իրազեկման մակարդակը ՄԱԿ-ի արժեքների վերաբերյալ: Ի լրումն լուսանկարների ցուցահանդեսի՝ կկազմակերպվեն բանավեճեր ՄԱԿ-ի դերի և ձեռքբերումների վերաբերյալ:

Առաջիկա ամսվա ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողը և գործակալությունների, հիմնադրամների ու ծրագրերի ղեկավարները նաև Հայաստանի համալսարանների ուսանողների հետ կքննարկեն ՄԱԿ-ի դերը մարդու իրավունքների, խաղաղության առաջմղման և մարդկային զարգացման խթանման հարցում: Երևանի տարբեր համալսարաններին կբաշխվի ՄԱԿ-ին առնչվող գրականություն՝ ՄԱԿ-ի ավանդապահ գրադարաններից մեկը հյուրընկալող Հայաստանի ազգային գրադարանի շրջիկ գրադարան-ավտոբուսի միջոցով:

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը բացվել է 1992 թվականի դեկտեմբերին՝ նույն տարվա մարտին Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցելուց հետո: