Քարտեզ՝ ոստիկանության թարմացված կայքում
Այսօր՝ Տեղեկատվության ազատության օրը, տեղի ունեցավ ոստիկանության արդեն նորացված կայքի շնորհանդեսը:
«Կայքը թե իր բովանդակությամբ, թե իր տեխնիկական հնարավորություններով տարողունակ է: Կայքի ձեռքբերումներից մեկը ոստիկանության ստորաբաժանումները քարտեզի տեսքով ներկայացնելն է, կարելի է տեսնել նաև տեղամասային տեսուչի տվյալները: Օգնություն քաղաքացիներին բաժինը նույնպես նորություն է»,- ներկայացնելով կայքը՝ նշեց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ, կայքի գլխավոր տնօրեն Վարուժան Բալյանը ։
Կայքի ստեղծումը տևել է 3 ամիս։ Կայքի պատրաստմանն աջակցել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, որի կողմից հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Studio One» ընկերությունը:
Շորհանդեսին ներկա էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Մեր նպատակն է՝ ոստիկանությունը դարձնել ընկալելի, մաքրել անարդարության, ոչ ճշմարիտ լուծումներ տալու խարանը, որ դրված է մեզ վրա: Իհարկե, կան խոչընդոտներ, չարակամություն և չարաճճիություն, բայց մենք այս ամիսների ընթացքում սովորել ենք հանդուրժել, համբերել, ժպտալ, սովորել մեր սխալների վրա»,- նշեց ոստիկանապետը։
Վերջում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության մեդալով պարգևատրեց դեսպանին կայուն համագործակցության համար: