ԳԱՎԱԹԸ ԿՎԻՃԱՐԿԵՆ «ՓՅՈՒՆԻԿԸ» ԵՎ «ԲԱՆԱՆՑԸ»
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 9-ին, ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստանի 2004թ, գավաթի խաղարկության եզրափակիչը, ուր կմրցեն Երեւանը ներկայացնող «Փյունիկը» եւ «Բանանցը»: 2 թիմերն էլ գավաթային մեծ փորձ ունեն: Բավական է նշել, որ «Փյունիկը» 5-րդ անգամ է հանդես գալու եզրափակիչում, իսկ «Բանանցը» անկախացած Հայաստանի 1-ին գավաթակիրն է եւ 2-րդ տարին անընդմեջ դուրս է եկել եզրափակիչ:
Եթե խոսենք թիմերի հնարավորությունների մասին, ապա պետք է նշենք, որ «Փյունիկի» հնարավորություններն ավելի մեծ են, քանի որ թիմը ընթացիկ մրցաշրջանում անհամեմատ ավելի հաջող է հանդես գալիս` ի տարբերություն «Բանանցի»: Սակայն գավաթային հանդիպումները միշտ էլ անկանխատեսելի են: Այս թիմերը մրցակիցներ են եղել անցած տարվա գավաթի խաղարկության կիսեզրափակիչում եւ այն ժամանակ 2 հանդիպումների արդյունքով հաջողությունը ուղեկցեց «Բանանցին»:
«Փյունիկի» համար այս հանդիպումը կարեւորվում է նաեւ նրանով, որ թիմի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցային դեռ չի հաջողվել դառնալ Հայաստանի գավաթակիր: Գավաթի եզրափակիչից հետո տեղի կունենա տոնական հրավառություն: