Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆինանսներն ու անցնող տարին

Տնտեսություն
00b88d10282505f552dc177196caae0a

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Ա1+»-ի հետ զրույցում 2011 թվականը գնահատեց, բավականին դրական գույների ներքո։

 «11 ամիսների ընթացքում մենք կատարել ենք պետական բյուջեի արդեն 90 տոկոսը, դա բավականին լավ ցուցանիշ է։ Պետական բյուջեի եկամուտները շուրջ 10 տոկոսով գերազանցում են նախորդ տարվան։ Դա եւս դրական է: Մեր հարկային եկամուտների ցուցանիշները ավելացել են, բայց ամենամեծ աճը արձանագրել է շահութահարկը։ Դա խոսում է շատ  կարեւոր հանգամանքի մասին, որ մեր տնտեսությունը, մեր ձեռնարկությունները սկսել են այլեւս շահույթով աշխատել: Դա վկայում է այն մասին, որ մենք դուրս ենք գալիս ճգնաժամի հաղթահարման փուլից եւ մտնում ենք կայուն զարգացման փուլ»,-ասաց նա։

 Նա վիճվարչության տվյալները հետաքրքիր է գնահատում։ Համաձայն դրանց՝ արդյունաբվերությունը եւ գյուղատնտեսությունը կուտակային առումով 11 ամիսների ընթացքում շուրջ 14 տոկոսով աճ են արձանագրել:

«Իհարկե ունենք նաեւ բացթողում, դա մեր շինարարությունն է, որը այդուհանդերձ շարունակում է անկում ապրել, բայց այստեղ եւս ունենք դրական տենդենց, որ շինարարական բնագավառում բնակարանային շինարարության նվազման հետ միասին, ունենք արդյունաբերությունը սպասարկող շինարարության աճ' էներգետիկայի, ճանապարհաշինարարության, ենթակառուցվածքների ոլորտը:

Ինչ վերաբերում է արտահանմանն ու ներմուծմանը, ապա 11 ամիսների ընթացքում մեր արտահանումը ավելացել է 30 տոկոսով, ներմուծումը' 10 տոկոսով: Սա խոսում է այն մասին, որ մեր արտահանվող ապրանքները շատ ավելի մրցակցային են դառնում արտաքին շուկայում, եւ նաեւ ներքին շուկայում»։

Նա համոզված է,որ բազմաթիվ ոլորտներում եղել են բարեփոխումներ, որոնք իրենց դրսեւորումները կունենան հաջորդ տարում:

 «Իհարկե եղել են նաեւ բացասական երեւույթներ. աղքատության մակարդակը շեշտակի մեծացել է. եթե մինչեւ ճգնաժամը մենք ունեինք ընդամենը 23 տոկոսի աղքատություն, ապա այսօր արեն 35 տոկոսի է հասել եւ դա իսկապես լուրջ մարտահրավեր է' ընդ որում ամբողջ աշխարհի համար: Բայց մենք հաջորդ տարվա համար ունենք նպաստների եւ թոշակների սպասվող 10 տոկոս աճ, եւ ակնհայտ է, որ ինչպես կարողացանք այս տարի գնաճը պահել նախանշված սահմաններում, այնպես էլ եկող տարի կկարողանանք պահել 4 տոկոսի սահմաններում»,- վստահեցրեց նա։

 Նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի գնահատմամբ, անցնող տնտեսական տարին աննախադեպ վատն է եղել:  

 «21-րդ դարի վատագույն տնտեսական տարին էր Հայաստանի պատմության մեջ, իրականում ունեցել ենք 4 տոկոս անկում, չնայած կառավարությունը գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության  ոլորտներում աչքակապության միջոցով ցույց է տալու 3-4 տոկոս աճ, բայց եթե մենք աչք փակենք կառավարության աչքակապության վրա, կհասկանանք, որ այդ աճերը գոյություն չունեն,կամ էլ հետեւանք են ընդերքը շահագործելու։ Եթե վերցնում ենք մաքուր ավելացված արժեքը, ապա այդ ցուցանիշով մենք ունենք 8-9 տոկոս անկում»։

 

Նա հայտարարում է՝ շատ վատ վիճակ է. «Մենք ունենք 8 տոկոս գնաճ... Կառավարությունն ասում է 4.8 տոկոս՝ լավ հասկանալով, որ խորամանկում է, երբեմն դա հաջողվում է, որովհետեւ միշտ չէ, որ հանրությունը նկատում է այդ խորամանկությունը: Մենք ունենք տնտեսության հետագա կենտրոնացում, շարունակվող կենտրոնացում, իրականում ոչ մի պայքար չկա օլիգոպոլիաների դեմ, այլ ավելին,եթե որեւէ օլիգոպոլիա վերացվում է, ապա տեղը մյուսներին են ուժեղացնում, հատկապես նրանց, ովքեր ավելի հուսալի են համարվում իշխանության համար»

 Իբրեւ օրինակ նա բերում է. «Ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանի կողմից բջջային  հեռախոսակապի գրավումը, կամ «Սիթի» խանութների ցանցի միջոցով մանրածախ առեւտրում գերիշխող դիրքի հասնելը»

 «Այդ պայմաններում մյուսները հայտնվում են ոչ մրցակցային պայմաններում: Նույնը վերաբերում է  նախագահին, վարչապետին, որը օլիգոպոլիաների դեմ այնքան պայքարեց, մինչեւ դարձավ օլիգարխ, չկարողացավ խուսափել այդ հիվանդությունից: Սա կատակով, բայց իրականում երկիրն ավելի է թաղվում կաշառակերության մեջ»,- շարունակում է նախկին վարչապետը։

 Վերջապես ամենակարեւորը, ըստ Բագրատյանի. «Մենք չկարողացանք ստերիլիզացնել գումարները, չնայած երկիր մտավ ռեկորդային քանակի փող' դրսից, ԿԲ-ն աչքերը փակ այդ գումարները չստերիլիզացրեց, դեռ մի 20 օր հետո կասեն առաջին թվերը, բայց եթե համեմատենք ինֆլյացիայի աճի հետ, այս բյուջեն ավելի փոքր է անցյալ տարվա բյուջեի համեմատությամբ։ Իրական թվերով, անցյալ տարվա բյուջեից այս տարվա բյուջեն 8 տոկոս ավել չէ. հաշվի առած փոխարժեքի, իրենց նշած տնտեսական աճի գործոնները, մաքրված բյուջեն փոքրացել է»:

 Նա պնդում է, որ չի հիշում 21-րդ դարի 11 տարիների ընթացքում որեւէ տարի, որ «միաժամանակ եւ ՀՆԱ-ն պակասած լինի, հարաբերականորեն բյուջեն չկատարվի, ունենանք ամենաբարձր գնաճերից մեկը, ունենանք գործազրկության աճ, 120 հազար արտագաղթած»։

 Իսկ ինչ վերաբերում է այն մոտեցմանը, թե կարելի էր սեկվեստր հայտարարել եւ սոցիալական վիճակը ճնշելով արտաքին պարտք չկուտակել, ապա Հրանտ Բագրատյանը նկատում է. «Իսկ ինչո՞ւ չի կարելի խուսափել երկուսից էլ, այլ գնալ ու ասել, պարոն օլիգարխներ, նախագահ, նախագահի եղբայր, պարոն վարչապետի  եղբայր հարկերը վճարեք: Ինչո՞ւ եք ուզում նորից խեղդել առանց այն էլ խեղճ ու կրակ թոշակառուներին, ինչո՞ւ հայտարարել սեկվեստր, երբ կարելի է ուղղակի օլիգարխներին ստիպել' վճարել հարկերը: Իրենք ասում են բյուջեն կատարել ենք, բայց իրականում չեն կատարել, որովհետեւ իրենք ինֆլյացիան հաշվարկել էին 4 տոկոսի չափով»։

«Իսկ ես տարեսկզբին ասել եմ, որ կլինի բյուջեի պրոբլեմ, չի լինի փոխարժեքի խնդիր: Ճշգրտորեն կատարվեց իմ կանխատեսումը: 2012 թվականին կունենանք փոխարժեքի պրոբլեմ, որովհետեւ տրանսֆերտների աճ չի սպասվում»,-եզրափակեց Հրանտ Բագրատյանը։


Պատրաստեց Դիանա Մարկոսյանը