Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ԴՊՐՈՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վերկազմավորման նիստի ժամանակ ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյան «Հեթտրիկ» եւ «Գոլ-2» ծրագրերի շրջանակներում ՀՖՖ երկարաժամկետ ծրագրի հաստատման զեկույցում մանրակրկիտ ներկայացրեց թե ինչ հսկայական ֆուտբոլային համալիր է նախատեսվում կառուցել Երեւանի Ավան թաղամասում:

Այս կառույցը լինելու է ֆուտբոլային գիշերօթիկ դպրոց, որը ունենալու է բոլոր հարմարությունները, որոնք անհրաժեշտ են բարձրակարգ ֆուտբոլիստներ պատրաստելու համար: Լինելու են տարբեր չափերի խախադաշտեր, արհեստական ծածկույթով խաղադաշտ, որը թույլ կտա մարզվել տարին 12 ամիս:

Այս դպրոցին կից կառուցվելու են նաեւ եվրոպական չափանիշներին համապատասխանող մարզադաշտ, որը նախատասեված է լինելու 16 հազար հանդիսականների համար: Այս մարզադաշտը լինելու է զուտ ֆուտբոլային, որի նման մեր հանրապետությունում չկա:

ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ եթե մեր ֆուտբոլիստները հաջող հանդես գան եվրոպական ասպարեզներում, ապա մարզադաշտի նստատեղերը կավելացվի շուրջ 10 հազարով: Այս հսկայածավալ նախագիծը նախատեսվում է իրագործել 4 տարվա ընթացքում: