«ԱՐԱՐԱՏԸ» ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՄԵԾ ՖՈՒՏԲՈԼ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 10-ին մեկնարկեց Հայաստանի 2004 թվականի գավաթի խաղարկությունը: Նախնական փուլում Արարատի «Այգ» մարզահամալիրի մարզադաշտում տեղի ունեցավ «Արարատի» եւ «Լեռնային Արցախի» հանդիպումը:
1-0 հաշվով խաղը շահեցին «Արարատի» ֆուտբոլիստները: Միակ գոլը խաղի 27-րդ րոպեին խփեց Արթուր Պետրոսյանը:
Խաղի ընթացքում 2 զգուշացում է ստացել «Արարատը» եւ 1 զգուշացում` «Լեռնային Արցախը»: Խաղը սպասարկող ՖԻՖԱ-ի մրցավար Արարատ Ճաղարյանը ստացել է 8,2 միավոր:
Այսպիսով շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո Երեւանի «Արարատը» կրկին վերդարձավ մեծ ֆուտբոլ եւ նվաճեց գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի ուղեգիր:
Նախնական փուլի մյուս` Աշտարակում անցկացված «Զենիթ»-«Լոռի» հանդիպման ընթացքում գրանցվեց 2-0 հաշիվ` հոգուտ «Զենիթի»: 2 գոլերն էլ խփվել են 2-րդ խաղակեսում: 71-րդ րոպեին գոլը խփել է 12 համարի տակ հանդես եկող Արթուր Խաչատրյանը, 75-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է 11 համարի տակ հանդես եկող Նորայր Ավագյանը:
4 զգուշացում ստացել է «Լոռին», 1 զգուշացում` «Զենիթը»: Հանդիպման գլխավոր մրցավար Կարեն Նալբանդյանը ստացել է 8,5 միավոր:
Հաջորդ փուլում «Արարատը» կմրցի նորաստեղծ «Դինամո - Զենիթի» հետ, իսկ «Զենիթի» մրցակիցը կլինի Արարատի «Արաքսը»: Այս հանդիպումները կկայանան մարտի 14-15-ին: