ԱՐՄԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԱՐԱՐԱՏՈՒՄ»
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Արարատի» ղեկավարության կազմում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ակումբի գործադիր տնօրեն Վազգեն Պետրոսյանը:
Վերջինս նշեց, որ ակումբի գլխավոր մարզիչ եւ նախագահ Արկադի Անդրեասյանը ներկայումս որեւէ առնչություն չունի «Արարատի» հետ, սակայն թիմում նա շուտով նոր կարգավիճակով կաշխատի, իսկ ահա գլխավոր մարզչի պարտականությունները ստաձնել է Սեւադա Արզումանյանը:
Թե ուրիշ ինչ փոփոխություն է տեղի ունեցել ղեկավարների կազմում Վազգեն Պետրոսյանը չցանկացավ հայտնել, սակայն մեր ունեցած հավաստի աղբյուրի համաձայն «Արարատի» փոխնախագահի պաշտոնից հեռացել է Գագիկ Գրիգորյանը:
Վազգեն Պետրոսյանը նշեց, որ «Արարատը» շուրջ մեկ տարի է պաշտոնական հանդիպումներ չի անցկացրել հայտնի պատճառներով, սակայն եթե ակումբի նախկին ղեկավարները մի փոքր ողջամիտ լինեին, ապա թիմը նման իրավիճակում չէր հայտնվի:
«Մենք ենթարկվում ենք ՀՖՖ-ի կանոնադրությանը եւ հանդես կգանք 1-ին խմբում: ՀՖՖ-ն գործադիր մարմին է եւ մենք պարտավոր ենք ենթարկվել նրան»,- ասաց Պետրոսյանը:
Անդրադառնալով թիմի ներկայիս կազմին ակումբի գործադիր տնօրենը նշեց. «Հասկանում ենք, որ թիմի ներկայիս կազմով եվրոպական ասպարեզներում լուրջ հաջողությունների չենք կարող հասնել: Հովանավորները պատրաստ են հետագայում համալրել թիմը: Այսօրվա մարզչական կազմը նույնպես թերի է, սակայն հույսով ենք, որ սկզբում ամեն ինչ հաջող կընթանա: «Արարատի» առջեւ խնդիր է դրված հաղթել 2004թ. Հայաստանի գավաթի խաղարկությունում, որպեսզի ապացուցենք, որ մեզ հետ անարդար են վերաբերվել»:
Պարզվեց նաեւ, որ «Արարատին» պատկանող Ձորաղբյուրի մարզաբազայում փետրվարի 2-ից սկսվել են վերանորոգման աշխատանքները: Այս մարզաբազան վերջնական տեսքի բերելու համար թիմի հովանավորները կծախսեն 2մլն դոլար: Նախատասվում է այն շահագործման հանձնել 2005թ.: