Գործարարներն ուզում են կազմաքանդել օլիգարխիան (տեսանյութ)
Հայաստանում պետք է կազմաքանդել օլիգարխիկ տնտեսության մենաշնորհային դերը, կտրուկ նվազեցնել ստվերի ծավալը տնտեսության մեջ եւ ապահովել ազատ մրցակցության հավասար դաշտ։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում այսօր հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(գ)Մ) նախագահ Արսեն Ղազարյանը։
Միությունն այսօր հանրապետության ղեկավար պաշտոնյաների մասնակցությամբ անց է կացրել հերթական՝ 6-րդ համագումարը։ Դրան ներկա է եղել նաեւ Սերժ Սարգսյանը, ով ասել է, թե մենք կանգնած ենք նոր սկզբի առջեւ, եւ գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից:
«Գործարարները պետք է գիտակցեն, որ պարտավորություն ունեն մտնելու նորմալ հարկային դաշտ՝ ապահովելու բյուջեի սոցիալական ծախսերը եւ տնտեսական զարգացման հիմքերը։ Նրանք պետք է հասկանան, որ երկրի առջեւ դրված խնդիրները փոփոխություն են կրել», - նշեց պարոն Ղազարյանը։ Նրա համոզմամբ՝ այդ է տնտեսության զարգացման առաջին եւ միակ երաշխիքը։
ՀԱԳ(գ)Մ նախագահի խոսքերով, համագումարի ընթացքում գործարարները Սերժ Սարգսյանի ներկայությամբ հույս են հայտնել, որ 2012 թվականի պետբյուջեով նախատեսված հարկային վարչարարության խստացման բեռը կընկնի ոչ թե փոքր եւ միջին բիզնեսի վրա, այլ ստվերում գտնվող խոշոր գործարարների վրա։
«Մենք քննարկեցինք նաեւ ընթացիկ եւ հեռանկարային խնդիրներ, մասնավորապես, ուղիներ փնտրել՝ միությունը մասնագիտական վերլուծական խմբերով համալրելու առումով, որպեսզի միության ներկայացրած առաջարկները կամ ընդդիմախոսների հետ բանավեճներում տեսակետները ավելի փաստարկված եւ արդյունավետ լինեն»,- ասաց պարոն Ղազարյանը։
«Իսկ ովքե՞ր են Ձեր ընդդիմախոսները»,- հարցին՝ պարոն Ղազարյանը պատասխանեց, որ միության տեսակետներին երբեմն ընդդիմանում են տեղական եւ միջազգային փորձագիտական կառույցներ։
«Կառուցողական երկխոսության ընդդիմախոս է նաեւ կառավարությունը, եւ դա նորմալ է։ Մենք պետք է հաճախ բանավիճենք, որպեսզի արդյունքում ի հայտ գա ճշմարտությունը»,- եզրափակեց ՀԱԳ(գ)Մ նախագահը։