Տույժ՝ խոշորներին, զգուշացում՝ փոքրերին
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հրապարակվեցին պարենային և ոչ պարենային շուկաներում գործող 23 տնտեսվարողների նկատմամբ հարուցված վարչական վարույթների արդյունքները:
Վարույթները հարուցվել են այլ տնտեսվարողին պատկանող ապրանքային կամ սպասարկման նշանի նմանակման, վաճառվող ապրանքների ոչ պատշաճ ներկայացման, ինչպես նաև մրցակցային այլ խնդիրների և օրենքի տարբեր խախտումների առնչությամբ:
Իրավախախտները հիմնականում այն ընկերություններն են, որոնց օրինախախտ գործունեությունը հայտնաբերվել է Հանձնաժողովի մարզային ստուգայցերի ժամանակ:
Իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող տնտեսվարողները ենթարկվել են ընհանուր առմամբ 5 մլն 800 հազար դրամ ֆինանսական տույժի։
Դրանք են. «Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկա»ՍՊԸ` 1 մլն դրամ, «ՄՎ Քեմիքլ գրուպ» ՍՊԸ` 1 մլն դրամ, «Արմեն-Համիկ» ՍՊԸ` 1 մլն դրամ, «Նարիմ» ՍՊԸ` 700 հազար դրամ, «Կրասկի սեյսի» ընկերություն` 700 հազար դրամ, «Ալվարդ Վարդանյան» ՍՊԸ` 700 հազար դրամ, «Ֆելիքս-Սարգ» ՍՊԸ` 700 հազար դրամ:
Նկատի ունենալով, որ վարույթում գտնվող մյուս 16 ընկերությունների ապրանքաշրջանառության ծավալները և շուկային հասցված վնասը բավականին փոքր են, բացի այդ դրանք գործում են մարզերում` արտադրական փոքր ծավալներով և իրավախախտումը կատարվել է առաջին անգամ, Հանձնաժողովը որոշեց օրենքի շրջանակում անհամեմատ մեղմ պատիժ կիրառել վերջինների նկատմամբ` տալով խիստ նախազգուշացում:
Այս մասին հայտնում է Հանձնաժողովի մամլո ծառայությունը։