ՄՐՑԱՇԱՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես հայտնի է, Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) 2004 թվականը հայտարարել է աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Պետրոսյանի տարի, ուստի, նախատեսված են մի շարք միջազգային մրցաշարեր աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում եւ ԼՂՀ-ում:
Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ Երեւանի շախմատի ակադեմիայի տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում կանցկացվի 13-րդ կարգի խոշոր միջազգային մրցաշար, որին կմասնակցեն հայ շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը (գործակիցը - 2618), Կարեն Ասրյանը (2599), Աշոտ Անաստասյանը (2587), Տիգրան Լ. Պետրոսյանը (2477) եւ Արման Փաշիկյանը (2451):
Արտասահմանից մրցաշարին հրավիրվել են Բարտոլանդ Մանեյան (Լեհաստան - 2653), Յանիկ Պելետյեն (Շվեյցարիա - 2587), Բահաադոր Ջոբավան (Վրաստան- 2616), Ղաեկ Մահամին (Իրան - 2556) եւ Եվգենի Սվելնիկովը (Լատվիա -2544):
Մրցաշարը կմեկնարկի մարտի 8-ին:
Այս մրցաշարին որպես պատվավոր հյուր ներկա կլինի շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն 67-ամյա Բորիս Սպասկին, որին 1966թ. Տիգրան Պետրոսյանը հաղթեց աշխարհի չեմպիոնի համար մղվող մրցամարտում: Սպասկին Երեւան կժամանի մարտի 5-ի առավոտյան, այնուհետեւ կհանդիպի ՀԱՕԿ-ի եւ սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին:
Նույն օրը 17:00 Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի կունենա մամուլի ասուլիս Բորիս Սպասկիի մասնակցությամբ: Մարտի 7-ին Սպասկին կուղեւորվի Էջմիածին, ուր կհանդիպի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ:
Մարտի 8-ին Սպասկին կհանդիպի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ եւ կմեկնի Ստեփանակերտ: