Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Հասարակություն

Արցախցիների ժամանակավոր պաշտպանության ժամկետը կերկարաձգվի

Արցախից բռնի տեղահանված եւ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի եւս մեկ տարով՝ մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը՝ կրկին երկարաձգման հնարավորությամբ։ Նախագիծն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստում։

Համաձայն գործող կարգավորումների՝ «070» ծածկագրով անձնագիրը եւ ժամանակավոր պաշտպանության, այսինքն՝ փախստականի վկայականը Հայաստանից դուրս գալիս վավեր են միայն համատեղ ներկայացվելու եւ գործածվելու դեպքում։ Միաժամանակ, «070» ծածկագրով անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում փոխանակման ենթակա է նաեւ ժամանակավոր պաշտպանության վկայականը։

Հաշվի առնելով դա, ինչպես նաեւ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կողմից Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով դիմումների թվի աճը՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովելու նրանց անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունը։ Հենց այդ պատճառով էլ Ներքին գործերի նախարարության կողմից մշակվել է այդ նախագիծը։

Ի դեպ, 2025 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող 2,154 անձ, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 6,929 անձ։