Կոյուղատարերը կհիմնանորոգվեն, հեղեղատարներ կկառուցվեն
Աջակցիր «Ա1+»-ին24 կոյուղատար համակարգերի հիմնանորոգում, ինչպես նաեւ 2 կոյուղատար եւ 2 հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքների ամբողջական ավարտ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների նախարարությունը Կառավարություն ներկայացրած նախագծով առաջարկում է իրենց տրամադրել 490 մլն 509 հազար դրամ՝ աշխատանքներն ամբողջովին ավարտելու համար։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 75 մլն 667 հազար 700 դրամ է։ Առաջին փուլով արդեն իսկ իրականացվել է մասնակի ֆինանսավորում.
Նախագծի ընդունման և իրականացման արդյունքում կկառուցվեն կամ կհիմնանորոգվեն ընդհանուր 11233 գծմ երկարությամբ կոյուղատար եւ հեղեղատար ցանցեր՝ ապահովելով տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի բարելավում, ջրահեռացման արդյունավետ կազմակերպումը, ջրածածկումների եւ կեղտաջրերի արտահոսքերի դեպքերի նվազեցումը, ինչպես նաև քաղաքային միջավայրի և ենթակառուցվածքների անվտանգ ու անխափան շահագործումը։
Ըստ հիմնավորման՝ Երեւան քաղաքի մի շարք վարչական շրջաններում առկա են կոյուղատար եւ հեղեղատար համակարգերի խնդիրներ։ Մի շարք հասցեներում անձրևներից հետո առաջանում են ջրի խոշոր կուտակումներ, որոնք վնասում են ասֆալտբետոնե ծածկույթը, խոչընդոտում երթևեկությանը և ստեղծում վթարային իրավիճակներ։
Տարածքների մի մասում էլ կոյուղատար համակարգը բացակայում է կամ գտնվում է վատթար վիճակում, խողովակները մասամբ քայքայված կամ խցանված են, դիտահորերը վնասված են, առկա են համակարգային անսարքություններ։ Արդյունքում՝ ամիսը մի քանի անգամ տեղի են ունենում խցանումներ, կեղտաջրերը ողողում են փողոցները, բակերը եւ հարակից տարածքները՝ առաջացնելով հակասանիտարական իրավիճակ եւ մեծացնելով վարակների տարածման վտանգը։ Իսկ հեղեղատար համակարգերի բացակայության կամ անբավարար թողունակության պատճառով մթնոլորտային տեղումները չեն հեռացվում պատշաճ կերպով, ինչի հետեւանքով առաջանում են ջրածածկումներ, ճանապարհների եւ ենթակառուցվածքների վնասումներ։