Բացել լրահոսը Փակել լրահոսը
Եւրոպա
A A
Պաշտոնական

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարությունը ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի վերաբերյալ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը նկատի է ունենում Երևանում անցկացված ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի պատմական նշանակությունը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ներկայությունը ազդարարում է եվրոպական ղեկավարության ողջունելի պատրաստակամությունը՝ անմիջականորեն ներգրավվելու հայ հասարակության հետ։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, այնուամենայնիվ շեշտում է, որ դիվանագիտական ներկայությունը այժմ պետք է վերածվի կոնկրետ գործողությունների, որոնք կպաշտպանեն Հայաստանի ինքնիշխանությունն ու նրա ժողովրդի իրավունքները։

Մինչ գագաթնաժողը ՀՀ-ԵՄ հարաբերություններում արձանագրեց «նոր գլուխ», մենք ԵՄ ղեկավարներին հիշեցնում ենք, որ այս հարաբերության հիմքը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), ենթադրում է դատական խստապահանջ բարեփոխումներ, ինստիտուցիոնալ դիմակայունություն և ժողովրդավարական արժեքների ամրապնդում։ Որպեսզի «Հայաստանի ապագան որոշվի ազատ և ժողովրդավար ձևով՝ իր քաղաքացիների կողմից», անհրաժեշտ է իրականացնել համապարփակ փոփոխություններ՝ ապահովելու ընտրական ամբողջականությունը, ընդդիմության իրավունքները, լրատվամիջոցների անկախությունը և ընտրական գործընթացի ընթացքում արտաքին միջամտություններից պաշտպանությունը՝ մի հասկացություն, որը, ցավոք, այս նույն գագաթնաժողովի ընթացքում որոշ եվրոպացի ղեկավարների կողմից չկիրառվեց։

Համատեղ հռչակագիրը ընդգծում է համագործակցության երեք հիմնական ուղղություն՝ էներգետիկա, կապակցվածություն և թվային ենթակառուցվածք։ Թեև այս տնտեսական հենասյուները կարող են կենսական լինել երկարաժամկետ աճի համար, եթե կիրառվեն ռազմավարական կերպով և ներքին բարեփոխումների հետ համադրաբար, Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հարց է բարձրացնում, թե ինչպես այս տեխնիկական նախագծերը կուժեղացնեն Հայաստանի անմիջական անվտանգությունը, եթե դրանք չուղեկցվեն տարածաշրջանային ագրեսիայի դեմ հստակ դիրքորոշմամբ։

Կարևոր է նկատել, որ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խոր մտահոգություն և հիասթափություն է արտահայտում գագաթնաժողովի պաշտոնական քննարկումներից

Արցախի ամբողջական բացակայության վերաբերյալ, չնայած Եվրոպական խորհրդարանի հստակ մանդատին (2026 թ. ապրիլի 30-ի բանաձև), որը բացահայտորեն՝

1. դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը,

2. պահանջում է Բաքվում պահվող հայ պատանդների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակում,

3. կոչ է անում պաշտպանել և միջազգային մոնիթորինգի ենթարկել Ադրբեջանի կողմից ներկայումս ոչնչացվող հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը։

Գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը լուռ մնաց այս գոյաբանական խնդիրների վերաբերյալ։ Այս բացթողումը կտրուկ հակասություն է Եվրոպական խորհրդարանի կոչին՝ արդարության և միջազգային երաշխիքների ներքո Արցախի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքի վերաբերյալ։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը համաձայն է Եվրոպական խորհրդարանի հետ, որ «ժողովրդավարական դիմակայունությունը» չի կարող գոյություն ունենալ վակուումում։ Եթե ԵՄ-ն պետք է լինի իրական ռազմավարական գործընկեր, ապա այն պետք է գործի իր իսկ ժողովրդավարական մանդատների հիման վրա։ Մենք կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին դուրս գալ ենթակառուցվածքային պլանավորման շրջանակներից և ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ Ադրբեջանին իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ռազմավարական կապակցվածությունը չպետք է իրականացվի իրենց հայրենական տներից էթնիկ զտման ենթարկված 150000 հայերի համար արդարություն ապահովելու հաշվին։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ