Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ժաննա Անդրեասյան
A A
Պաշտոնական

Ժամանակակից աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց կինեմատոգրաֆի․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Հայ կինոյի օրվա կապակցությամբ

Հարգելի՛ կինոգործիչներ, հայ կինոյի երկրպագուներ, շնորհավորում եմ ձեզ Հայ կինոյի օրվա կապակցությամբ։

Ժամանակակից աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց կինեմատոգրաֆի: Այն միայն արվեստ չէ․ այն ժողովուրդների պատմության, հոգևոր արժեքների և ինքնության արտացոլումն է, որը, իրավամբ, կամրջող դեր է խաղում տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների միջև՝ ապահովելով մշակութային բազմազանությունն ու մյուս մշակույթներին հաղորդակից լինելու հնարավորությունը։

Հետադարձ հայացք գցելով հայ կինոյի մեկդարյա պատմությանը՝ կարող ենք փաստել, որ պահպանելով ոլորտի ավանդույթները՝ այն շարունակում է զարգանալ՝ քայլելով ժամանակին համընթաց և ստեղծելով այնպիսի կինոկտավներ, որոնք հեղինակավոր տարբեր հարթակներում արժանանում են մրցանակների՝ ապացուցելով հայ կինոյի ստեղծարար ներուժի մրցունակությունը:

Հայ կինոյի օրը հրաշալի առիթ է նաև կարևորելու մեր կինոժառանգությունը, երախտագիտությամբ հիշելու մեր մեծանուն կինոգործիչներին, որոնք իրենց տաղանդով և նվիրումով հիմք են դրել ազգային կինոյի զարգացմանը, ինչպես նաև գնահատելու մեր օրերի ստեղծագործողներին, որոնք նոր շունչ ու ժամանակակից մտածողություն են բերում կինեմատոգրաֆիայի աշխարհ։

Պետությունը շարունակելու է աջակցել հայ կինոյի զարգացմանը՝ խրախուսելով ստեղծագործական նոր գաղափարները, միջազգային համագործակցությունը և երիտասարդ տաղանդների առաջխաղացումը։ Դրա վառ ապացույցներն են իրականացվող հիմնային բարեփոխումները: Առանձնակի հիշատակման են արժանի ներդրումների մասնակի վերադարձի, «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲ ընկերության հարյուր տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահելու որոշումները:

Սրանք նոր ուղի են բացում կինեմատոգրաֆիայի պատմության մեջ՝ լավագույն հեռանկարների խոստումով:

Պետք է ընդգծել, որ ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի ծրագրով ներկայացվել է 10 հայտ՝ 1.4 մլրդ դրամ ծավալով, որոնցից 6-ը հաստատվել է: Նախարարության դրամական խրախուսման ծրագրով միայն 2025 թ. հայ կինոգործիչները մասնակցել են 17 միջազգային հեղինակավոր կինոփառատոների, իսկ միջազգային հարթակներին մասնակցության ծախսերի փոխհատուցմամբ՝ 16 ստեղծագործողի տրամադրվել է աջակցություն 11 միջազգային կինոհարթակների մասնակցության համար:

Կինոաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ, ստեղծագործական հետաքրքիր մտահղացումներ, լեցուն դահլիճներ և նորանոր հաղթանակներ։ Համոզված եմ՝ դուք դեռ շատ ասելիք ունեք՝ նոր սցենարներով ու ֆիլմերով։

Շնորհավո՛ր Հայ կինոյի օր։