Բացել լրահոսը Փակել լրահոսը
ce1b5cb2-3b73-4ccc-9db6-a5ba1da90815_cx0_cy3_cw0_w1597_n_r1_s_s
A A
Քաղաքականություն

21-ժամյա բանակցություններում Վաշինգտոնը և Թեհրանը համաձայնության չեն հասել

Իսլամաբադում մոտ 21 ժամ բանակցելուց հետո հետո ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, Պակիստանից մեկնելուց առաջ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։

«Մենք մի շարք բովանդակալից քննարկումներ ունեցանք իրանցիների հետ, սա լավն լուրն է։ Վատ լուրն այն է, որ մենք համաձայնության չհասանք, և կարծում եմ, որ դա շատ ավելի վատ լուր է Իրանի համար, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների», - ասել է Ջեյ Դի Վենսը։

«Մենք պարզապես չկարողացանք հասնել այնպիսի իրավիճակի, երբ իրանցիները կընդունեին մեր պայմանները», - նշել է ԱՄՆ փոխնախագահը՝ հավելելով, որ Պակիստանից հեռանում են շատ պարզ առաջարկով, որն իրենց «վերջնական և լավագույն առաջարկն է»։ «Տեսնենք՝ արդյոք իրանցիները կընդունեն այն», - ասել է նա։

Վենսը գնահատանքով է խոսել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի մասին և ասել, որ բանակցություններում «ինչ թերություններ էլ որ լինեին», «դա պակիստանցիների պատճառով չէր, որոնք հիանալի աշխատանք կատարեցին»։

Թեհրանի միջուկային ծրագրի մասին հարցին Վենս պատասխանել է, որ Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելը կանխելը թե՛ հիմա, թե՛ ապագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «հիմնական նպատակն» է։

 

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Իսլամաբադում Միացյալ Նահանգների հետ բանակցությունները բնութագրել է «ինտենսիվ»՝ նշելով, որ դրանց հաջողությունը «կախված է հակառակ կողմի լրջությունից և բարի կամքից»։

Սոցցանցում արված գրառման մեջ Բաղային նաև կոչ է արել Վաշինգտոնին զերծ մնալ «չափազանց պահանջներից և անօրինական խնդրանքներից» ու ընդունել Իրանի «օրինական իրավունքներն ու շահերը»։

Նրա խոսքով՝ քննարկվող թեմաների թվում են եղել Հորմուզի նեղուցը, Իրանի միջուկային ծրագիրը և «Իրանում պատերազմի լիակատար դադարեցումը»։