Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյան vs Քոչարյան. Արտահերթ ընտրություն` պայմանավորվածությամբ․ Զուգահեռներ (տեսանյութ)

2021 թ ԱԺ ընտրություն (մաս 1-ին)

2021-ի հունիսի 20-ին Հայաստանն 8-րդ գումարման Ազգային ժողով էր ընտրում։ Համապետական ընտրությունն արտահերթ էր։ Ներքաղաքական իրավիճակը ծայրաստիճան սրվել էր 2020-ի 44-օրյա պատերազմից հետո։ Կրակի դադարեցման մասին Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հայտարարությունից անմիջապես հետո բողոքի ակցիաներ սկսվեցին։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանող  ցուցարարները ներխուժեցին կառավարության շենք, Ազգային ժողով, դաժան ծեծի ենթարկեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին։

17 կուսակցություն համատեղ հայտարարությամբ հիմնեցին Հայրենիքի փրկության շարժում և Վազգեն Մանուկյանին հռչակեցին վարչապետի թեկնածու։ Նրանք պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և առաջարկում էին վարչապետի լիազորությունները հանձնել Մանուկյանին, որն էլ մեկ տարվա ընթացքում կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություն։

Ժամանակ առ ժամանակ տեղեկություններ էին տարածվում, որ Զինված ուժերի գլխավոր շտաբը աջակցում է ընդդիմությանը։ Գեներալիտետի և վարչապետի հակասությունն ակնհայտ դարձավ, երբ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտոնանկումից հետո շտաբը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վարչապետը դա որակեց ռազմական հեղաշրջման փորձ և իր կողմնակիցներին կոչ արեց փետրվարի 25-ին հավաքվել Հանրապետության հրապարակում՝ պաշտպանելու 2018 թվականի հեղափոխությունը։

-Պատերազմից հետո շատ եմ մտածել հրաժարական տալու մասին Փաշինյան

Զուգահեռաբար ընդդիմությունն արգելափակել էր խորհրդարանի բոլոր մուտքերը։ Իրազեկ քաղաքացիների միավորման տվյալներով՝ վարչապետի հայտարարած հավաքին այդ օրը մասնակցել է 10200 մարդ, իսկ ընդդիմության ակցիային՝ 5400։

Օնիկ Գասպարյանը հեռացվեց Գլխավոր շտաբի պաշտոնից։

Այդուհանդերձ, կար քաղաքական ճգնաժամ, իրավիճակը հանգուցալուծում էր պահանջում։ Վարչապետը հանդիպումներ ունեցավ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների՝ «Լուսավոր Հայաստանի» ու «Բարգավաճ Հայաստանի» հետ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ ընտրություն։

Հրաժարականի օրն էլ Նիկոլ Փաշինյանը պատահական չէր ընտրել։ Նա հրաժարական տվեց Քաղաքացու օրը՝ տոն, որ իր նախաձեռնությամբ է ընդգրկվել ազգային տոնացույցում 2018-ի հեղափոխությունից հետո։

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց .
-Կարևոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այսօր՝ Քաղաքացու օրը: Սա կարևոր խորհրդանիշն է այն բանի, որ այսպիսով Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացած իշխանությունը մենք վերադարձնում ենք քաղաքացուն, որպեսզի նա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որոշի իշխանության հետագա ճակատագիրը՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններով: 

Նույն օրը՝ ապրիլի 25-ին,  նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը, սակայն, Փաշինյանը նախընտրական շրջանում շարունակեց ղեկավարել պետությունը՝ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով։