Հայաստանի գինեգործությունն այսօր դիրքավորված է որպես հնագույն, բայց միաժամանակ երիտասարդ ոլորտ. Զարուհի Մուրադյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը վերջին տարիներին փորձում է իր տեղն ամրապնդել համաշխարհային գինեգործական քարտեզի վրա՝ ոչ միայն իր հնագույն ժառանգությամբ, այլ նաև ժամանակակից, որակյալ արտադրությամբ։
Ա1+-ի հետ զրույցում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշում է՝ հիմնադրամի ստեղծումից հետո աշխատանքը դարձել է ավելի թիրախավորված, իսկ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծացել է։
«Վերջին 5 տարիների ընթացքում կատարված խոշոր ներդրումները վկայում են, որ ոլորտը զարգանում է»,- նշում է նա։
Հիմնադրամը, նրա խոսքով, կարողացել է համախմբել գինեգործական ընկերություններին և միասնական ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակներում՝ որպես գինեգործական երկիր։
Աշխատանքներ են իրականացվում ամբողջ արժեշղթայի վրա՝ սկսած խաղողագործությունից, որը, ըստ Մուրադյանի, որակյալ գինու հիմքն է։
«Այս ուղղությամբ իրականացվում է սորտերի քարտեզագրում, գույքագրում, ստեղծել ենք խաղողի տնկարկների ռեեստր համակարգ, որը կդառնա միասնական տեղեկատվական հարթակ»,- նշում է Մուրադյանը։
Սա հնարավորություն կտա պետությանը վերահսկել ամբողջ գործընթացը՝ խաղողի մշակումից մինչև շշալցում, իրականացնել մոնիթորինգ և մշակել ծրագրեր՝ հիմնված հստակ տվյալների վրա։
2017 թվականից իրականացվում է նաև հայկական էնդեմիկ սորտերի գույքագրում։ Ստեղծվել է կոլեկցիոն այգի, իրականացվել են գենետիկական և ֆենոտիպային հետազոտություններ, որոնց արդյունքում ապացուցվել է սորտերի հայկական ծագումը։
«Մինչ այդ՝ միջազգային շատ տեղեկատվական բազաներում մեր տեղածին սորտերը գրանցված էին որպես ադրբեջանական կամ վրացական»,- նշում է Մուրադյանը։
Նա ընդգծում է, որ գինեգործական ընկերությունները ևս հասկացել են՝ մրցունակությունը հնարավոր է ապահովել միայն որակյալ գինիներով, ոչ թե քանակով։
Զուգահեռաբար զարգանում է նաև գինու զբոսաշրջությունը։ Վերջին տարիներին Հայաստան այցելող գինու զբոսաշրջիկների թիվն աճում է, և արդեն իրականացվում են գիդերի վերապատրաստման ծրագրեր՝ ոլորտային մասնագետների պատրաստման համար։
Հիմնադրամն ակտիվ աշխատում է նաև միջազգային առաջմղման ուղղությամբ՝ համագործակցելով միջազգային լրագրողների, փորձագետների և քննադատների հետ, կազմակերպելով մասնագիտական շրջայցեր և հրապարակելով տարեկան ավելի քան 50 միջազգային հոդված։
«Մենք մեզ դիրքավորում ենք որպես վերածնունդ ապրող գինեգործական երկիր»,- ասում է նա։
Միաժամանակ իրականացվում են թվայնացման ծրագրեր․ ստեղծվել է Wines of Armenia հարթակը, որտեղ ներկայացված է շուրջ 160 տեսակ գինի, ինչպես նաև առկա է լոգիստիկ պահեստ Բեռլինում, ինչը հնարավորություն է տալիս հայկական գինիները հասանելի դարձնել եվրոպական շուկայում.
«Հարթակում ներկայացված են լավագույն գինիները, որոնք ընտրվել են փակ համտեսի միջոցով»։
Մուրադյանը նշում է՝ Հայաստանը միաժամանակ ունի հնագույն ժառանգություն և երիտասարդ ոլորտ․ վերջին 10-15 տարիներին արտադրված գինիներն են ձևավորում երկրի ժամանակակից գինեգործական դիմագիծը։
«Մեր էնդեմիկ սորտերը մեր այցեքարտերն են, մեր դուռ բացողներն են»,- ընդգծում է Զարուհի Մուրադյանը։
Նրա խոսքով՝ միջազգային փորձագետներն արդեն ավելի հաճախ են խոսում հայկական գինիների որակի մասին։
Միևնույն ժամանակ, հիմնադրամը կանգնած է բարդ ընտրության առաջ՝ սահմանափակ բյուջեի պայմաններում կենտրոնանալ ներքին շուկայի, թե միջազգային ճանաչման վրա։
«Եթե ամբողջ ֆինանսը ներդնենք ներքին շուկայի վրա, կհաջողենք ավելի շատ, բայց մեզ չեն ճանաչի որպես գինեգործական երկիր, դուրս կմնանք քարտեզից»,- ասում է Մուրադյանը։
Մուրադյանը հիշեցնում է, որ տարիներ առաջ Հայաստանը հաճախ մերժվում էր միջազգային հարթակներում, սակայն այսօր իրավիճակը կտրուկ փոխվել է։
«Երբ ես 2017-ին եկա հիմնադրամ և փորձում էի մարդկանց հետ համագործակցել, միջազգային միջոցառումներ անել, մեզ շատ ժամանակ մերժում էին, քանի որ չէին ճանաչում։ Վերջին տարիներին մենք ենք առաջարկներ ստանում, քանի որ դարձել ենք շատ հետաքրքիր միջազգային գործընկերների համար։ Երբ 2018-ին ուզում էի Concours Mondial de Bruxelles-ը բերել Հայաստան, ինձ ասացին՝ դեռ շուտ է, մարդիկ ձեր մասին չգիտեն, բայց գրեթե 8 տարի անց մրցույթը Հայաստանում է լինելու»,- նշում է նա։
Մրցույթը սովորաբար տևում է 4 օր, սակայն հայկական կողմը խնդրել է ծրագրում ավելացնել ևս մեկ օր՝ Վայոց ձոր այցելության համար։ Նախատեսվում է, որ առաջին օրը մասնակիցները կայցելեն Վայոց ձոր և կծանոթանան նաև քարանձավին, երկրորդ օրը տեղի կունենա մրցույթի պաշտոնական բացումը, որի շրջանակում կներկայացվեն նաև Հայաստանի զբոսաշրջային ուղղությունները՝ փորձելով առավելագույնս ցուցադրել երկրի ուժեղ կողմերը։
Այնուհետև երեք օր շարունակ շուրջ 400 փորձագետներ Երևանում կհամտեսեն գինիներ, իսկ ծրագրին զուգահեռ գինեգործարաններում կկազմակերպվեն շնորհանդեսներ, շրջայցեր, համտեսներ և մշակութային միջոցառումներ։