Երբ ներկան դառնում է մի տարածք, որտեղ վախն ու հույսը միաժամանակ տեսանելի ու քննարկելի են
Աջակցիր «Ա1+»-ինՖրայբուրգի համալսարանի «Ցվետաևա» Կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «ՀայԱրտ» Կենտրոնի համագործակցությամբ «ՀայԱրտ» Կենտրոնում անցկացվում է «Fear- Less-Hope․ Շրջանակելով ժամանակը» խորագրով արվեստի փառատոնը։ «ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանի խոսքով, Ֆրայբուրգ քաղաքից 47 հոգուց բաղկացած պատվիրակությունը ներկայացնում է գերմանական մշակույթի տարբեր ոլորտները՝ կերպարվեստ, կինո, թատրոն, երաժշտություն, ինչը բացառիկ առիթ է ընձեռում տվյալ ոլորտների հայ և գերմանացի արվեստագետներին՝ միմյանց ճանաչելու և մասնագիտական փորձի փոխանակման համար։ Փառատոնի ծրագիրը ներառում է ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություն, վարպետաց դասեր և գիտական համաժողով, որի ընթացքում կքննարկվեն արդի արվեստին և կրթությանը վերաբերող հարցեր:
առատոնի շրջանակում «ՀայԱրտ» կենտրոնում բացվել է եւ մինչեւ մարտի 31-ը կգործի «Մեղադրանքը՝ հայ․ Խորհրդային տեռորը ցեղասպանության ստվերի ներքո» ցուցահանդեսը, նվիրված Հայաստանում խորհրդային բռնաճնշումներին։ Ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարներ, աուդիո և վիդեո նյութեր, ինչպես նաև եզակի արտեֆակտներ։ Ցուցահանդեսի համադրող Աննա Մարգուլիսն արդեն երկար տարիներ ուսումնասիրում է Խորհրդային միության և պետական ահաբեկչության թեման․
Ցուցահանդեսը նվիրված է Խորհրդային միության ահաբեկչությանը Խորհրդային Հայաստանում։ Մեր ցուցահանդեսը բաղկացած է 3 մասից։ Առաջին մասը վերաբերում է հենց բռնաճնշումներին, խորհրդայնացումից մինչև խորհրդային իշխանության ավարտը, 2-րդ մասը՝ նվիրված է գաղտնի խմբերին և բողոքներին, ցույցերին, որոնցով հայերը հակադրվել են խորհրդային պաշտոնական տեսակետին, իսկ 3-րդ մասը նվիրված է հիշողությանը, թե ինչպես են այս թեմաները հիշվում, հիշատակվում կամ երբեմն չեն հիշվում այսօր Հայաստանում»։ Կինոյի տան մեծ էկրանին ներկայացվեց «Շարժվող պատկերներ» կարճամետրաժ համր ֆիլմերի ընտրանին, որը «KOKI Freiburg» կինոթատրոնի տնօրեն՝ Ներիման Բայրամի խոսքով դուրս է լեզվական սահմաններից։
«Ընտրված կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը կենտրոնացած է շարժման և ռիթմի վրա։ Տեսողական երաժշտության հիմնադիրներից մինչև կինոխորեոգրաֆիայի վարպետներ՝ ֆիլմերը գործում են որպես երաժշտական նոտաներ»։ Ցուցադրվեց նաև ռեժիսոր Ռոբերտ Վինեի էքսպրեսիոնիստական 1920 թվականին նկարահանած համր ֆիլմը՝ «Բժիշկ Քալիգարիի առանձնասենյակը», որը համարվում է կինոյի պատմության ամենաազդեցիկ ստեղծագործություններից մեկը և այն ուղեկցվեց գերմանացի դաշնակահար Թոմաս Վենկի կատարմամբ։ Այս ֆիլմերի ծրագիրը մինչև ապրիլի 10-ը կներկայացվի նաև «ՀայԱրտ» Կենտրոնում։
«Շրջանակելով ժամանակը» ցուցահանդեսը դիտարկում է վախն ու հույսը միաժամանակ, որոնք խորապես փոխկապակցված են իրար։ Դրանք առաջանում են ինչպես անցյալի վերաիմաստավորման, այնպես էլ հնարավոր ապագայի պատկերացման ընթացքում։ Դրանք ձևավորում են մեր ընկալումները։ Ներկան դառնում է մի տարածք, որտեղ վախն ու հույսը միաժամանակ տեսանելի և քննարկելի են։ Ֆիլմի, վիդեո ինստալացիայի միջոցով Վահրամ Աղասյանը, Գրետա Հարությունյանը, Անաս Քահալը և Յոհաննես Վայլանդտը ուսումնասիրում են, թե ինչպես են վախն ու հույսը փոխկապակցվում և շարժվում ժամանակի, սահմանների, ինչպես նաև հավաքական և անձնական փորձառությունների միջով, որտեղ մտերմությունն ու հեռավորությունը, հիշողությունն ու սպասումը, ճեղքումն ու վերականգնումը մշտապես հատվում են։
Ֆրայբուրգի համալսարանի «Ցվետաևա» Կենտրոնի, DELPHI_space Freiburg-ի և «ՀայԱրտ» Կենտրոնի կողմից կազմակերպված «Fear–Less–Hope․ Շրջանակելով ժամանակը» համատեղ ցուցահանդեսային նախագիծը համադրել են Եվա Խաչատրյանը, Կատարինա Գրյունը և Մարգարիտա Աուգուստինը։ Այն առաջին անգամ ներկայացվել է DELPHI_space Freiburg-ում 2025թվականի-ի հոկտեմբերին և հանդիսանում է գերմանա-հայկական FEAR–LESS–HOPE երկխոսության մաս, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի դաշնային նախարարության կողմից։