Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. ոստիկանները կանխել են վարորդների ծեծկռտուքը
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ` մարտի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները: Ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Մինչ տեղում աշխատում էին հրշեջները, պարեկներն ու ոստիկանները վառվող մեքենայից մոտ 40-50 մետր հեռավորության վրա հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նշված ավտոմեքենայի վարորդը կապ ունի այրվող «Mercedes»-ի վարորդի հետ։ Երկու վարորդների միջև անձնական հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն և օպերատիվորեն ժամանած Մաշտոցի համայնքային ոստիկանները ու ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները «Opel»-ի վարորդին տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։