Մանրամասներ՝ կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրի որոշմամբ ապրիլի 1-ից կենսաթոշակը կբարձրանա: Որոշման նպատակը ՀՀ կառավարության ծրագրի 4.6-րդ մասով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի (միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների չափերի ավելացման մասով) իրականացման համար նախադրյալների ստեղծումն է։
ՀՀ Կառավարության ծրագրի 4.6-րդ մասի համաձայն, պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնելու համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին: Այս ծրագրային դրույթին համապատասխան, նվազագույն և միջին կենսաթոշակի չափի բարձրացումն ապահովելու նպատակով պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար ավելացումը սոցիալական ոլորտի ծախսային գերակայություններից մեկն է:
ՀՀ Կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշմամբ սահմանված են հիմնական աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, նվազագույն կենսաթոշակի չափը։ Կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշմաբ սահմանաված են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը։ Հարկ է նշել, որ ընդհանուր կենսաթոշակային ապահովության և պետական նպաստների համակարգի առանձին ցուցանիշների միջև առկա է տրամաբանական փոխկապակցվածություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի տևողության՝ օրենքով սահմանված չափը չունենալու դեպքում օրենքով սահմանված կարգով անձը ձեռք է բերում սոցիալական նպաստի՝ ծերության նպաստի կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք, նվազագույն կենսաթոշակի չափն ավելացնելիս նպատակահարմար է նույն չափ սահմանել նաև ծերության նպաստի կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափերը։ Ըստ այդմ, անհրաժեշտ համարժեք փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշմամբ սահմանված են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը:
Որոշմամբ առաջարկվում է 2026 թվականի ապրիլի 1-ից սահմանել՝ 1. նվազագույն կենսաթոշակի չափը` 46000 դրամ (36000 դրամի փոխարեն), 2. աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 34000 դրամ (24000 դրամի փոխարեն), 3. զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21000 դրամ (20000 դրամի փոխարեն) 4. զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 2000 դրամ (1750 դրամի փոխարեն), 5. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը` ա․ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 64600դրամ (50600 դրամի փոխարեն) բ․ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 54800 դրամ (41400 դրամի փոխարեն) գ․ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 48000 դրամ (38000 դրամի փոխարեն) 6. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 48000 դրամ (38000 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 170000 դրամ (120000 դրամի փոխարեն)։
Առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` հաշմանդամության նպաստների դեպքում պահապանելով նպաստի չափերի տարբերակումը։ Մասնավորապես առաջարկվում է սահմանել՝ 1. ծերության նպաստի չափը՝ 46000 դրամ (36000 դրամի փոխարեն), 2. ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 49000 դրամ (39000 դրամի փոխարեն) 3. ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 475000 դրամ (37500 դրամի փոխարեն) 4. ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 46000 դրամ (36000 դրամի փոխարեն) 5. «հաշմանդամ երեխա ճանաչված անձ» կարգավիճակ ունեցող անձի համար՝ 49000 դրամ (39000 դրամի փոխարեն)։
Որոշմամբ նախադրյալներ կստեղծվեն ՀՀ կառավարության ծրագրի 4.6-րդ մասով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի իրականացման համար, որի արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը 48993 դրամից կդառնա 59181 դրամ, զինվորական կենսաթոշակի միջին ամսական չափը 96321 դրամից կդառնա 104852 դրամ:
Կբարձրանան նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը: Քանի որ կենսաթոշակների չափերի ավելացումն ուղղակիորեն հանգեցնելու է նաև հետվճարի միջին ամսական չափի ավելացմանը, ինչը, ըստ կանխատեսումների կենսաթոշակի միջին ամսական չափերը կավելանան միջինում ևս 8692 դրամով՝ կազմելով աշխատանքային կենսաթոշակի դեպքում՝ 67,873 դրամ և զինվորական կենսաթոշակի դեպքում՝ 113,544 դրամ։
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է. «Այս որոշման առիթով ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Հայաստանում աշխատում են և հարկեր վճարող են: Ուզում եմ ընդգծել նաև այն մարդկանց, ովքեր ՀԴՄ են թողարկում: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր թոշակառուներին, որնցից արդեն ավելի քան 400 000-ը օգտվում է անկանխիկ առևտուր անելու հնարավորությունից, որովհետև նաև առևտրի անկանխիկ համակարգի միջոցով մենք կրճատում ենք ստվերը Հայաստանի Հանրապետությունում»:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հավելել է. «Ուզում եմ շնորհակալություն է հայտնել պետական կառավարման համակարգի բոլոր գործընկերներին, ովքեր իրենց աշխատանքով հնարավոր են դարձրել, որ ի հեճուկս բոլոր կանխատեսումների, 2025 թվականի տնտեսական աճը լինի ոչ թե 5.1 տոկոս, այլ էականորեն ավելի: Եվ ես կարծում եմ, որ սա իսկապես կարևոր որոշում է մեր սոցիալական քաղաքականության արդյունքները, ինչպես ասում են, կապիտալիզացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, քանի որ 2021 թվականին մեր ստանձնած պարտավորությունը այս համակարգերով կատարում ենք: Այսինքն՝ նվազագույն կենսաթոշակն ավելի է պարենային զամբյուղից և միջին կեսնաթոշակն ավելի է սպառողական զամբյուղի արժեքից»:
Վարչապետը հետաքրքրվել է անկանխիկ տարբերակով թոշակները ստանալու գործընթացի մասին, ինչին ի պատասխան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ այս պահի դրությամբ 9200 անձի մոտ դեռ փոփոխված չէ և ընդգծել, որ և՛ իրավական, և՛ լոգիստիկ առումով ամեն ինչ պատրաստ է, որպեսզի մինչև ապրիլի 1-ը այդ քաղաքացիների քարտերը առաքվեն տուն և ապրիլի 1-ին այդ քաղաքացիները նույնպես իրենց թոշակը կստանան անկանխիկ եղանակով: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որպեսզի միասնական սոցիալական ծառայությունների միջոցով մարդկանց տեղեկացվի անկանխիկ առևտրի հնարավորությունների վերաբերյալ:
Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև մարտի 1-ից փոքր և միջին շահառուներից անկանխիկ առևտրի միջնորդավճարի նվազմանը: Այս առումով Կենտրոնական բանկի նախագահը ներկայացրել է. «Միջազգային քարտերի համար գործում է 0.9 տոկոս, իսկ ArCa քարտերի համար 0.5 տոկոս նվազում»: ԿԲ նախագահը հավելել է, որ միջնորդավճարի մոտ կրկնակի նվազումը վերաբերում է մինչև 150 մլն շրջանառություն ունեցող փոքր և միջին բիզնեսներին: Վարչապետը հույս է հայտնել, որ անկանխիկ առևտուրը նաև մարզերում՝ գյուղական համայնքներում կզարգանա:
Երկրի ղեկավարն ընդգծել է նաև, որ այսօր կենսաթոշակը սպառողական զամբյուղից բարձր է, սակայն խնդիր է դրված, որ կեսնաթոշակը երբեք սպառողական զամբյուղից ցածր չլինի և պետք է այդ ուղղությամբ համակարգ մշակվի:
Վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտենլ պատասխանատռու պետական մարմիններին իրականացրած աշխատանքի համար և այս համատեքստում ընդգծել արդյունքի վրա հիմնված վարձատրության համակարգի ներդրման կարևորությունը: «Ես համոզված եմ, որ գործոններից մեկը, որը բերել է նրան, որ այսօր կարող ենք սոցիալական ոլորտում պատմական փոփոխության հասնել, դա վարձատրության նոր համակարգն է, որի ներդրումը մենք սկսել ենք անցյալ տարվա առաջին կեսից»: Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում ներկայացրել է, որ 2025 թվականի բյուջեով պետական համակարգի պահպանման ծախսերից 6.5 մլրդ ռեզերվ է արվել, որից 3.5 մլրդ ուղղվել է պետական կառավարման համակարգի առավել արդյունավետ դարձնելուն, իսկ այժմ այդ որոշման արդյունքում՝ 78 մլրդ տրվում է թոշակառուներին, որի մեջ մտնում է նաև հետվճարը: