Մեղադրյալներից կեսի ինքնությունը չի պարզվել. 2,5 տարի է գործը դատարանում է
Աջակցիր «Ա1+»-ինԳրեթե 2 ու կես տարի առաջ Սասնա ծռերի գործը քննելու ստանձնած 8-րդ դատավորի՝ Մարտին Արզումանյանի մոտ գրեթե նիստեր չեն կայացել:
Դրանք տարբեր պատճառաբանություններով հետաձգվել են: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց գործով մեղադրյալներից Վարդան Գերավետյանը, գործով դեռ նախնական դատալսումների փուլում են գտնվում: Վարդան Գերավետյանի խափանման միջոցը փոխված է․ նա ազատության մեջ է գրավի դիմաց։
Դատավորը դեռ մեղադրյալներից կեսի ինքնությունը չի պարզել: Վարդան Գերավետյանին դատական նիստերի չկայանալուց ավելի շատ մտահոգում է գործով անցնող Արամ Հակոբյանի առողջական վիճակը:
« Ես դատարանում էլ եմ հայտարարել, որ ամեն անգամ նիստի գալը մահապատժի է նման»,- ասաց Վարդան Գերավետյանը: Նրա համար զարմանալի է դատաբժշկական միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ ի վիճակի է ներկայանալ դատական նիստերին:
Ինչ վերաբերում է գործով դատական ակտին, ապա Վարդան Գերավետյանը կարծում է, որ ամեն ինչ կախված է երկրի ղեկավարից. «Ինչ կասի, այն էլ կանի: Հները ոնց կային, այնպես էլ մնացին դատական իշխանությունում»:
Միաժամանակ շեշտում է՝ մարդու իրավունքների պաշտպանության պահով երբեւէ այդքան վատ չի եղել, քան հիմա: Հիշեցնենք, որ Սասնա ծռեր-ի գործը բաժանվել էր 3 մասի: Նրանցից մեկով դատավճիռը օրինական ուժ է ստացվել, եւ գործով անցնող անձինք կրում են իրենց պատիժը: Իսկ մյուս 2 գործերը քննվում են առաջին ատյանի դատարանում: