Բացել լրահոսը Փակել լրահոսը
23.12.25 1920x1080
A A
Մշակույթ

Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 97-ամյակը կնշվի համերգով. օպերայի բեմում կհնչի Բեռլիոզի «Ռեքվիեմը»

 

Այսօր ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Սբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, դիրիժոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանը նշում է ծննդյան 97-ամյակը:

Ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ մաեստրո Չեքիջյանի ծննդյան օրը նշվում է համերգով, որը կայանալու է դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Համերգն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Համերգային ծրագրում Հովհաննես Չեքիջյանի ղեկավարմամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի կատարմամբ կհնչի Բեռլիոզի «Ռեքվիեմը»։

Ավելի քան վեց տասնամյակ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ որպես Հայաստանի մշակութային դեսպան, մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ աշխարհի տարբեր ծայրերում ներկայացնում է հայ երգն ու երաժշտությունը:

Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը Հայաստանից դուրս ունեցել է 873 համերգ, ելույթ է ունեցել աշխարհի 184 մշակութային խոշոր կենտրոններում՝ Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և այլ քաղաքներ, հանդես է եկել 70 անվանի սիմֆոնիկ նվագախմբերի ընկերակցությամբ, այդ թվում՝ ԽՍՀՄ Պետական ակադեմիական սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական սիմֆոնիկ, Ռուսաստանի Մեծ թատրոնի և այլ նվագախմբերի հետ՝ թողարկելով նաև բազմաթիվ սկավառակներ: Մաեստրոն հեղինակել է «Գարնանային անուրջներ» և «Հանդիսավոր ձոն» վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունները:

Նշանավորելով և կարևորելով Չեքիջյանի անգնահատելի ներդրումն ու վաստակը հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում՝ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մշակութային հաստատությունների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովումն ու միջավայրի բարելավումը. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջին 2 տարիների ընթացքում շուրջ 10,5 մլն դրամ է հատկացրել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի փորձասենյակի նորոգման և գրասենյակային նոր գույքի ձեռքբերման համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ծննդյան օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում է Մաեստրո Հովհաննես Չեքիջյանին, մաղթում քաջառողջություն, երկարակեցություն և ստեղծագործական  ներշնչումներ:

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ