Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վարդան Ղուկասյան
A A
Պաշտոնական

Վարդան Ղուկասյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթով գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան․ փաստաբան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը․

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ` 20.10.2025 թվականին քաղաքական դրդապատճառներով նախաձեռնված քրեական վարույթով գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հիշեցնեմ, որ պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ վերոնշյալ վարույթով առ այսօր ՀՀ դատարանները կիրառել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային հակասող սահմանափակումներ.

· Ապօրինի գաղտնալսել և գաղտնի տեսանկարահանել են (Թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ) ոչ միայն պարոն Վարդան Ղուկասյանին, այլ նաև նրա ընտանիքի անդամներին:

· Ապօրինի և նվաստացուցիչ պայմաններում ձերբակալել են, ապա ապօրինի երկու ամսով կալանավորել են:

· Հարկադրաբար Վարդան Ղուկասյանին պահում են հակասանիտարական և անմարդկային պայմաններում: Նրան չի տրամադրվում անհրաժեշտ բժշկական օգնություն, նրան խոչընդոտում են իր խղճի, կրոնի և դավանանքի իրավունքի իրականացումը:

 

Վերոնշյալ ապօրինությունները հնարավոր է եղել իրականացնել դատավորներ` Ժորա Չիչոյանի և Վարդգես Սարգսյանի կողմից կայացված դատական ակտերի հիման վրա:

 

Այժմ հերթը հասել է 30-ամյա և դեռ երկու ամիսը չլրացած` դատավոր դարձած Լեւոն Պետրոսյանին: Դատավոր Լևոն Պետրոսյանը ստանձնել է քննել պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ պատվիրված շինծու վարույթը և նշանակել է նախնական լսումների առաջին դատական նիստը` 17.12.2025 թվականին, ժամը 14:00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (հասցե` ՀՀ, Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9):

 

Յուրաքանչյուր մարդ իր կյանքում որոշակի փորձություններ է անցնում։ Պատմության յուրաքանչյուր փուլում եղել են մարդիկ, ովքեր չեն հաղթահարել այդ փորձությունները, մինչդեռ մյուսները հաջողությամբ են անցել դրանք։

 

Կարծում եմ այս բոլոր փորձությունների նպատակն է ցույց տալ և պահպանել Աստծո, Արդարության, Մարդկության հանդեպ սերը։

 

Համոզված եմ Ժորա Չիչոյանը և Վարդգես Սարգսյանը չեն սիրում Աստծուն, Արդարությունը և Մարդկությունը: Հավանաբար նրանք դատական ակտ կայացնելիս առաջնորդվել են հետևյալ համոզմունքով` չկա Աստված, իսկ եթե չկա Աստված, ուրեմն ամեն ինչ թույլատրելի է, իսկ Արդարությունը և Մարդկությունը նրանց համար արժեք չեն:

 

17.12.2025 թվականը կյանքի փորձության օր է` Լևոն Պետրոսյանի համար: Լևոն Պետրոսյանը պետք է ընդունի որոշում, որով հայտնի կդառնա նրա համար Աստծո գոյությունը և նրա հավատամքը Արդարության և Մարդկության նկատմամբ:

Վարդան Ղուկասյանի փաստաբան՝ Զարուհի Փոստանջյան