Բացել լրահոսը Փակել լրահոսը
020226
A A
Պաշտոնական

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2000 թվականի N 1810, 2003 թվականի N 131-Ա, 2001 թվականի N 315 և 2003 թվականի N 91-Ա որոշումներով՝ «Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրվել է 4000 քմ, 2996.5 քմ, 5000 քմ և 800 քմ մակերեսով հողատարածք՝ համապատասխանաբար Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում (ներկայիս հասցեն՝ Ծովակալ Իսակով պողոտայի հ.15/10), Լենինականի և Ջանիբեկյան փողոցների հատման մասում (ներկայիս հասցեն՝ Շիրազի փողոցի հ.1/1), Թամանցիների փողոց և Արտաշատի խճուղու հատող խաչմերուկին հարող հատվածում (ներկայիս հասցեն՝ Թամանցիների փողոց հ.97/2) և Շիրակի փողոցին հարող տարածքում (ներկայիս հասցեն՝ Շիրակի փողոց հ.1/18):

Կառավարության՝ 2006 թվականի մայիսի 18-ի Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշման շրջանակներում, Երևանի քաղաքապետի 2010 թվականի որոշումներով՝ վերոնշյալ ինքնակամ կառույցները (հասարակական) համարվել են Երևան քաղաքի սեփականությունը, իսկ 2010 թվականի մարտի 12-ին լուծվել են վերջիններիս հետ կնքված՝ հողի վարձակալության պայմանագրերը:

Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևան համայնքի սեփականությունը դառնալուց հետո, նշված հողատարածքները և շինությունները փաստացի չեն վերադարձվել համայնքին. «Մուլտի-Լեոն» ՍՊ ընկերությունը, առանց որևէ իրավական հիմքի, շարունակել է օգտագործել դրանք (2023 թվականի մայիսի 11-ից Ընկերության սեփականատեր է հանդիսանում «Բարձրունք Գրուպ» ՍՊԸ-ն): Ավելին՝ Ընկերությունը Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում հատկացված 4000 քմ հողամասից կրկնակի չափով ավել օգտագործել է 1.08 հա մակերեսով հողամաս՝ 757.7 քմ մակերես գազալիցքավորման կայանով Շիրակի փողոցին հարող տարածքում 800 քմ հողատարածքի փոխարեն՝ 0.47 հա մակերեսով հողամաս՝ 576.8 քմ մակերես շինությունով, Լենինականի և Ջանիբեկյան փողոցների հատման մասում 2996.5քմ մակերեսով հողամասի փոխարեն՝ 4408.46 քմ մակերեսով հողամաս՝ 183.5 քմ

գրասենյակի շինությունով: Միաժամանակ, «Մուլտի-Լեոն» ՍՊ ընկերությունը նշված տարածքներում՝ առանց թույլտվության, իրականացրել է սեղմված բնական գազի վաճառքի գործունեություն՝ վճարելով նախկին կնքված ու լուծված պայմանագրերով սահմանված փոքր տարածքների վարձավճարները:

Ուսումնասիրության արդյունքներով՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: 2025 թվականի դեկտեմբերի 20-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Միաժամանակ, Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ «Մուլտի-Լեոն» ՍՊ ընկերության (2023 թվականի մայիսի 11-ից` «Բարձրունք Գրուպ» ՍՊԸ) կողմից վերոնշյալ հասցեներում գտնվող՝ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերի ու շինությունների ինքնակամ օգտագործումը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու՝ կիրառելով պատասխանատվության միջոցներ Ընկերության կողմից առանց գործունեության թույլտվության սեղմված բնական գազի վաճառք իրականացնելու համար:

 

Հանրային կապերի բաժին