Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2025 թվականի 3-րդ եռամսյակի զեկույցը․ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2025թ․ երրորդ եռամսյակի ընթացքում գրանցվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնության 1, տարատեսակ ճնշումների 19, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 23 դեպք։
Դիտարկվող ժամանակաշրջանի առանձնահատկություններից գլխավորն այն է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ ճնշումների գերակշիռ մասը կիրառվել է իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից։ Շարունակվել է միտումը, երբ պաշտոնյաները հրապարակայնորեն թիրախավորում են լրատվամիջոցներին կամ առանձին լրագրողների, ինչին հաջորդում է նաև նրանց դեմ դատական հայցեր ներկայացնելը։ Տեղեկատվական վեճերը դատական կարգով լուծելու ճանապարհով են գնացել, մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը և այլոք։ Ընդհանուր առմամբ հուլիս-սեպտեմբեր ամիսներին ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացվել է 15 նոր դատական հայց, որոնցից 10-ի դեպքում հայցվորները պաշտոնյաներ են, 5-ում՝ այլ անձինք։ Բոլոր հայցերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով նախատեսված վիրավորանքի և/կամ զրպարտության հիմքով են։ Ի դեպ, նախորդ տարվա համեմատ այդպիսի դատական գործերի քանակի զգալի աճ է արձանագրվել․ եթե 2024թ․ 9 ամսվա ընթացքում ներկայացվել էր 35 հայց, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվն արդեն հասել է 45-ի։
Շարունակվել են նաև լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ անհարգալից և վիրավորական վերաբերմունքի դրսևորումները։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն, օրինակ, սեպտեմբերի 15-ին կայացած իր ասուլիսում լրատվամիջոցներին մեղադրել է կոռուպցիայի ու սև փողերի շրջանառության մեջ և շեշտել, որ միտումնավոր ուզում է վիրավորել նրանց։ Եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության և ագրեսիայի առավել արտառոց դեպքերից էր Երևանի մամուլի ակումբի փորձագետ Հակոբ Կարապետյանի հանդեպ կիրառված բռնությունը։ Դրան նախորդել էր Ֆեյսբուքում ծավալված վեճ Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, որը լրագրողի հասցեին սպառնալիքներ ու վիրավորանքներ էր տեղացել։ Հակոբ Կարապետյանի դեմ բռնության դեպքով հարուցվել է քրեական գործ, որի առաջընթացի մասին դեռևս տեղեկություն չկա։ Լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ։
Իրավիճակը բարվոք չէ նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների առումով։ Թեև դիտարկվող ժամանակահատվածում այդ իրավունքի խախտումների թիվը, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 16-ով՝ կազմելով 23, սակայն պետական մարմինները շատ հաճախ անհարկի դժվարացրել են լրագրողների աշխատանքը։ Նշված 23 խախտումներից 4-ի պարագայում պատասխանի տրամադրումը անհիմն մերժվել է, 2 հարցում մնացել է անպատասխան, 7 դեպքում պատասխանը եղել է թերի (որոնցից մեկը՝ հարցմանը պատասխանելու օրենքով նախատեսված ընթացակարգի խախտումով), 9-ը՝ օրենքով նախատեսված ժամկետի խախտումով, ևս 1-ի պատասխանը եղել է հարցերի էությանը չհամապատասխանող։ Այս իրավիճակը հաճախ հող է ստեղծում սեփական ենթադրությունների ու դրանց վրա հիմնված մեկնաբանությունների համար, ինչն էլ կարող է հանգեցնել խեղաթյուրումների ու ոչ ճշգրիտ եզրահանգումների այս կամ այն խնդրի շուրջ։
Ըստ իշխանությունների հավաստիացումների՝ մեդիա միջավայրի և տեղեկատվական անվտանգության հետ կապված խնդիրների բարելավմանն է ուղղված Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մշակած՝ «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը օգոստոսի 14-ին Կառավարության որոշմամբ հավանության է արժանացել և ուղարկվել խորհրդարան։
ԲՏԱ-ն օգոստոսի 1-22-ը շրջանառության մեջ է դրել նաև մեկ այլ նախագիծ՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Այս նախագծերի վերաբերյալ լրագրողական կազմակերպություններն ունեն անհամաձայնություններ ու վերապահումներ, որոնք ներկայացված են ԽԱՊԿ եռամսյակային զեկույցում։