«ՀԷՑ»-ը չարաշահել է գերիշխող դիրքը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը թույլ է տվել գերիշխող դիրքի չարաշահում: Ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները, որի հետևանքով մոտ 20 բնակելի տների բնակիչներ կրել են կենցաղային անհարմարություններ և ֆինանսական կորուստներ: Այս մասին արձանագրվել է այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում։
Հանձնաժողովի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ չարաշահման փաստը բացահայտվել է Երևանի Նոր Նորք համայնքի Մոլդովական և Բագրևանդ փողոցների միջանկյալ տարածքում գտնվող մոտ 20 նորակառույց բնակելի տների բնակիչների ներկայացրած դիմում-բողոքի ուսումնասիրության արդյունքում։
Դիմումում մասնավորապես նշված է եղել, որ դեռևս 2005-ին բնակելի թաղամասի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով «ՀԷՑ»-ին տրամադրվել է հողատարածք՝ ենթակայանի շենքի կառուցման համար: 2009-ին ավարտվել է ենթակայանի շենքի կառուցումը, տեղադրվել են լիովին նոր սարքավորումներ, ինչի համար «ՀԷՑ»-ը արտաքին դոնորից ներգրաված վարկային ռեսուրսի հաշվին կատարել է զգալի կապիտալ ծախսեր: Սակայն արդեն 2 տարուց ավելի է, ենթակայանի շահագործման ուղղությամբ ընկերությունը որևէ քայլ չի կատարում, ինչի հետեւանքով տարածքի բնակչությունը կրում է կենցաղային անհարմարություններ:
«ՀԷՑ»-ի նման գործունեությունը բնակիչներին ստիպել է ապօրինի լարանցումներ անցկացնել և մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող ժամանակավոր գծերով էլեկտրաէներգիա ստանալ, ինչի դիմաց վճարել են ամսական գրեթե 40 հազար դրամ՝ քանի որ բնակիչների մի մասը 3,5 տարի շարունակ հաշվիչ չեն ունեցել ու սպառել են հաշվիչ ունեցող հարևանի հոսանքը:
Հանձնաժողովը եզրակացրել է, որ «ՀէՑ»-ը թերացել է պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման մեջ և թույլ է տվել օրենքի խախտում։
Հանձնաժողովի կողմից վարույթ սկսելուց հետո «ՀԷՑ»-ը սկսել է աշխատանք իրականացնել՝ խախտումը վերացնելու ուղղությամբ:
Վարչական վարույթի ընթացքում դիմումատուների ներկայացուցիչ Հայկ Դավթյանը Հանձնաժողովին տեղեկացրել է որ «ՀԷՑ»-ը այժմ թաղամասի բնակիչներին ապահովում է շուրջօրյա էլեկտրամատակարարմամբ:
ՏՄՊՊՀ նախագահը նախազգուշացրել է, որ ևս մեկ անգամ օրենքի խախտում թույլ տալու դեպքում «ՀԷՑ»-ը կենթարկվի խոշոր դրամական տուգանքի:
«Ֆրեշ» ընկերությունը տուգանվեց
ՏՄՊՊՀ նիստում քննարկվել է նաև «Ֆրեշ» ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը: Հանձնաժողովը պարզել էր, որ նախապես հայտարարված ակցիայի շրջանակում ներկայացված ապրանքը իրականում չի վաճառվել այն գնով, որը նշված է եղել գովազդում: Օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության առնչությամբ «Ֆրեշ» ընկերության հանդեպ կիրառվել է տուգանք՝ 500 հազար դրամի չափով: