Դժվար է նման ցածր վարկանիշով իշխանության երկար մնալը․ Ալեքսանդր Իսկանդարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իրականում ոչ Հայաստանն է ուզում, ոչ էլ Ադրբեջանը, որ այդ ճանապարհին ամերիկացիներ կանգնեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհին։
Քաղաքագետը գտնում է, որ եթե Ադրբեջանն իսկապես ուզենար այդ կապը, խնդիրը քաղաքականից կդառնար տեխնիկական և հնարավորինս արագ լուծում կստանար։ Բանն այն է, որ Ադրբեջանը չի ուզում Հայաստանի հետ ինչ-որ կարգավորման գնալ։ Հակառակը, շարունակում է ճնշումները մեր երկրի վրա։
«Ադրբեջանի հիմնական նպատակն է անել այնպես, որ քանի դեռ իրավիճակը չի փոխվել, Հայաստանը թույլ է, քանի դեռ ուկրաինական պատերազմը շարունակվում է, քանի դեռ Արևմուտքը Հարավային Կովկասում չէ, քանի դեռ իրանաիսրայելյան և մյուս խնդիրները կան, հասնել ավելի թույլ սուբյեկտայնություն ունեցող Հայաստանի։ Այդ պատճառով էլ Խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվում»,- համոզված է նա։
Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական վիճակին, Ալեքսանդր Իսկանդարյանն այն բացատրեց գործող իշխանության՝ երկրի բոլոր ինստիտուտների վրա վերահսկողություն ունենալու ցանկությամբ։ Ըստ նրա Հայաստանում եկեղեցին կամ սփյուռքը դեռ զերծ են նման վերահսկողությունից։ Քաղաքագետի կարծիքով` այդ լարվածություն առաջիկա մեկ տարում էլ չի լուծվի, բայց նա նկատում է գործընթացներ, որոնք նոր քաղաքական միավորներ են ձևավորում:
«Վաղ, թե ուշ իշխանությունը փոխվելու է։ Նման ցածր վարկանիշով իշխանության երկար մնալը դժվար է, դա կարող է լինել Ադրբեջանում, Ուզբեկստանում, բայց բարդ է Հայաստանում»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։