3 օր հոսանքազրկվելու հետեւանքները
Բյուզանդի 1/3 շենքում տեղակայված ավելի քան 50 կազմակերպություններ երեք օր շարունակ մատնված էին հարկադիր պարապուրդի: Շենքը հոսանքազրկվել էր, այրվել էր էլեկտրաէներգիա մատակարարող տրանսֆորմատորը: Խոստացած վերանորոգումը մի քանի ժամի փոխարեն տեւեց 3 օր, որի ընթացքում առավել վնաս կրած ընկերությունների ցանկում հայտնվեցին ԶԼՄ-ները՝ 24 ժամ հեռարձակվող «Ռադիո Հայ», «FM-105» ռադիոկայանները, «Ա1+» եւ «Հետք» լրատվական գործակալություններ, «Հրապարակ» օրաթերթը:
«Ռադիո հայ»-ն արդեն հասցրել է հաշվել իր կրած վնասի չափերը: Այն կազմում է մոտ 5 մլն դրամ: «Այս օրերին մենք չենք կարողացել կատարել մեր պարտավորությունները մեր գործընկերների նկատմամբ, ում ծրագրերը վերահեռարձակում ենք՝ բաց ենք թողել «Ազատություն» ռադիոկայանի 2 թողարկում եւ «Գոլոս Ռոսսիի»-ի 4 թողարկում: Ակնհայտ է, որ այս բացթողումները մեր անբարեխղճության հետեւանքը չէ: Մենք այս ընթացում կրել ենք 5 մլն դրամի վնաս եւ բնականաբար «Էներգացանցեր» ընկերության դեմ հայց ենք ներկայացնելու»,- այսօր «Ա1+»-ին ասաց «Ռադիո Հայ»-ի իրավական խորհրդատու Անդրեաս Ղուկասյանը:
Եթե էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունը 50 ժամից ավել չի կատարում իր պարտավորությունները, ապա դա Անդրեաս Ղուկասյանին թույլ է տալիս ասել. «Մատակարարն իր պարտականությունները բաժանորդների նկատմամբ չի կատարում: Մինչեւ փողով չես պատժում մատակարարներին, հատկապես մենաշնորհայիններին, նրանք կարգապահություն չեն դրսեւորում: Ո՞րն էր ՌԴ-ին մեր էլեկտրացանցերի վաճառելու նպատակը, եթե այսօր սպասարկման որակը ոչնչով չի զիջում նախկինին: Եթե ՌԴ-ում «Էխո Մոսկվի» ցանցային ռադիոկայանը 50 ժամով անջատեին, ապա պատասխանատուներին աշխատանքից ազատ կարձակեին»:
Այս օրերին «Հետք» գործակալության լրագրողներն աշխատել են իրենց տներից, իսկ «Հրապարակ» օրաթերթը՝ ինտերնետ ակումբներից:
Բյուզանդի 1/3 շենքում տեղակայված խանութները գործել են մոմի լույսերի ներքո: «Ամբողջ սննդամթերքը փչացել է: Հաճախորդների թիվը պակասել է: Եթե հոսանքի համար վճարը մի քիչ ուշացնենք, անպայման կգան, կնեղեն, իսկ հիմա ո՞վ է փոխհատուցելու մեր վնասը: Բնականաբար՝ ոչ ոք»,- ասաց «Դիալոգ» խանութի վաճառողուհի Արմինե Հարությունյանը:
Հոսանքազրկումն ազդել է նաեւ շենքի դիմաց թերթեր եւ ամսագրեր վաճառողի աշխատանքի վրա: «Օրվա թերթերը մի կերպ վաճառվել են, բայց ոչ մի ամսագիր չեմ վաճառել: 50 տոկոսից ավել վնաս եմ կրել»,- ասաց մամուլի վաճառքով զբաղվող Վարդան Բարեյանը:
Բյուզանդի 1/3 շենքի կառավարիչ Արայիկ Սարգսյանին զարմացրեց բոլոր նրանց դժգոհությունները, ովքեր իրենից պահանջում էին զգուշացնել վթարի մասին: «Դեպք է՝ պատահել է: Ինչպե՞ս զգուշացնեի, եթե ես ինքս չգիտեի, որ տրանսֆորմատորի մեջ ինչ-որ բան այրվելու է»:
Նա նաեւ տեղեկացրեց, որ վնաս կրած ընկերություններին որեւէ կերպ իրենք չեն կարող փոխհատուցել:
Հոսանքազրկման 3 օրերի ընթացում վնաս չի կրել միայն Բյուզանդի 1/3 շենքում գտնվող «Առէքսիմ» բանկը, որն անվտանգության նկատառումներից ելնելով հոսանքի երկրորդ գիծ ունի: