Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսական պայթյունը քաղաքականից շո՞ւտ կլինի

Տնտեսություն
5edbb76afcca67cc66b95bda025d9b4e

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով առնվազն անկեղծ չէ հունիս ամսվա համեմատ հուլիսի ընթացքում գյուղմթերքների գների 3 տոկոս անկումը տնտեսական հաջողություն ներկայացնելը:

Տնտեսական այս «հաջողության» մասին օրերս պաշտոնական տվյալներ է տարածել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հրապարակելով 2011թ.-ի սպառողական գների ինդեքսը:

«Դա բնական է, որ հունիսին եւ հուլիսին Հայաստանում գյուղմթերքների գնանկում, իսկ սեպտեմբերին գնաճ է տեղի ունենում: Դա ոչ թե հաջողություն է, այլ սովորական երեւույթ»,- այսօր «Ա1+»-ին ասաց Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետին ավելի շատ անհանգստացում է կաթնամթերքի եւ մսամթերքի գների բարձրացումը. «Համոզված եմ, որ եթե ներկայացնեն օգոստոսի տվյալները, ապա այդ սննդամթերքների գների բարձրացումն անպայման կերևա»:

Վահագն Խաչատրյանը չի բացառում, որ երկրի տնտեսական վիճակը ավելի շուտ հանգեցնի պայթյունի, քան քաղաքականը. «Ամեն ինչ գնում է դրան: Այն վիճակագրական տվյալները, որոնք կան հատկապես արտագաղթի ոլորտում, վկայում են, որ ՀՀ-ում սոցիալական հողի վրա իշխանափոխության հնարավորությունները մեծանում են»:

Անդրադառնալով այսօր մամուլում տեղ գտած այն լուրերին, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հնարավորությունն այնքան մեծ է, որ նա աջակցության համար օրերս այցելել էր Լեռնային Ղարաբաղ` Վահագն Խաչատրյանն ասաց. «Շատ անլուրջ եմ վերաբերվում այդ լուրերին: Մենք համակարգային փոփոխության կարիք ունենք, իսկ վարչապետը այդ փոփոխությունները կատարողը չէ: Նա ընդամենը ավազակապետությանը սպասարկող մի մասնիկ է»: