Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գները նվազե՞լ են

Տնտեսություն
589fda020976e68b8838bc8d6213666e

Սպառողական շուկայում հուլիսին հունիս ամսվա նկատմամբ հանրապետությունում արձանագրվել է 3 տոկոս գնանկում: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր այս մասին նշեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը` ներկայացնելով վերջին 7 ամիսների եւ մասնավորապես հուլիսի սպառողական գների ինդեքսը:

Պարենային 13 ապրանքային խմբերից, ըստ Գուրգեն Մարտիրոսյանի ներկայացրած տվյալների, հուլիսին գնանկում եղել է 8 ապրանքային խմբերում, 4-ում` գնաճ, իսկ մեկ ապրանքի` կենդանական ու բուսական յուղի գները մնացել են անփոփոխ:

Նա ընդգծեց, որ գնաճ արձանագրվել է հիմնականում մսամթերքի շուկայում` 2,9 տոկոս: Այս գնաճը, նրա ասելով, արդեն մի քանի ամիս շարունակ արձանագրվում է: Գնաճ է եղել նաեւ սուրճ, թեյ, կակաոյի գների մեջ` 0,9 տոկոսով, հրուշակեղենի գները բարձրացել են 0,4 տոկոսով, այլ մթերքինը` 0,1 տոկոսով, ոգելից խմիչքների եւ ծխախոտի գներն աճել են 0,2 տոկոսով:

Ինչ վերաբերում է պարենային ապրանքների գների նվազմանը, ապա այն հուլիսին կազմել է 5,9 տոկոս, ոչ պարենային ապրանքների գները մնացել են նախորդ ամսվա ընդհանուր մակարդակի վրա, իսկ ծառայությունների սակագները նվազել են 0,2 տոկոսով: «Առավել գնանկում է արձանագրվել բանջարեղենի եւ կարտոֆիլի գծով` 34,9 տոկոս, մրգի գծով` 23,3 տոկոս, կաթնամթերքինը` 1,4 տոկոս, ձու` 1,1 տոկոս, ձկնամթերք` 1 տոկոս, հացամթերքը` 0,6 տոկոս, շաքարավազը` 0,1 տոկոս, ոչ ոգելից խմիչքը` 0,1 տոկոս»,- ասաց Ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչը:

Բենզինի, դիզելային վառելիքի գծով հուլիսին հունիսի նկատմամբ գները մնացել են անփոփոխ, միայն 2010թ. հուլիսի համեմատությամբ բենզինի գներն աճել են 23, 2 տոկոսով, դիզելային վառելիքինը` 28,4 տոկոսով: Մետրոյի գնի թանկացումը, ըստ Գուրգեն Մարտիրոսյանի, անդրադարձել է նաեւ ներքաղաքային տրանսպորտի վրա. նկատվել է 2,4 տոկոս աճ, մինչդեռ միջքաղաքային տրանսպորտի գները նվազել է 3 տոկոսով, որը պայմանավորված է օդային տրանսպորտի տոմսերի գների նվազմամբ:

Կատարելով ընդհանուր վերլուծություն` նա նկատեց, որ 2011թ.-ին արձանագրված բարձր` 3,4 տոկոս գնաճից հետո այնուհետեւ գնաճ է արձանագրվել 2011թ.-ի փետրվար, մարտ ամիսներին, իսկ հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատությամբ` 1,4 տոկոս եւ հուլիսին` 3 տոկոս գնանկում: Միայն մայիսին են գները մնացել անփոփոխ: «Սկսած 1994թ.-ից Հայաստանում սպառողական շուկայում մշտապես արձանագրվել է 0,7-5,5 տոկոս գնանկում»,- վերջում վստահեցրեց Գուրգեն Մարտիրոսյանը:

Ի դեպ, նա նաեւ նշեց, որ եթե սեզոնայնությամբ պայմանավորված մրգերի գները հիմա նվազել են, ապա սեպտեմբեր-հոկտեմբերին տեղի կունենա գնաճ: