Բացել լրահոսը Փակել լրահոսը
1910232 (1)
A A
Պաշտոնական

Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան

Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան

Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու և ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և այն հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ առողջապահության ոլորտում գործող ընկերություններից մեկի համահիմնադիր տնօրեն և բաժնետեր Բ.Շ.-ն և նույն ընկերության ավագ բուժքույր Լ.Հ.-ն կազմակերպել և ղեկավարել են Ընկերության բուժաշխատողների կողմից բուժառուների հիվանդության պատմագրերում կեղծ (բուժառուներին վերակենդանացման բաժանմունքներում բուժելու վերաբերյալ) տեղեկություններ ներառելը:

Արդյունքում՝ 2020 թվականի հուլիսից 2022 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում, Ընկերության 20-ից ավելի բուժաշխատակից կեղծել է 829 հիվանդության պատմագիր՝ դրանցում ներառելով հիվանդության ընթացքի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, իբրև նշված հիվանդները, սոմատիկ բաժանմունքից բացի, բուժում են ստացել նաև վերակենդանացման բաժանմունքներում:

Վերոնշյալ կեղծ պատմագրերի հիման վրա կազմված՝ հաշվետվողական բնույթ կրող փաստաթղթերը Ընկերության տնօրենի կողմից ներկայացվել են Առողջապահության նախարարություն: Դրանց հիման վրա՝ Նախարարությունում հաշվարկվել և Ընկերության հաշվեհամարին, բացի փաստացի մատուցված ծառայությունների համար նախատեսված գումարից, անհիմն փոխանցվել է հավելյալ՝ 263 մլն 480 հազար դրամ:

Քրեական վարույթով, ի թիվս այլնի, պարզվել են մի շարք հանգամանքներ.