Կոմիտասին բացահայտելով` ինքս ինձ էլ վերաբացահայտեցի․ Հայկ Պետրոսյան
Աջակցիր «Ա1+»-ինԿարդաLove Գրքի և Կրթության փառատոնի շրջանակում կայացավ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի համերգ-զրույցը նվիրված Կոմիտասին, թե ինչու խորացված ուսումնասիրեց Կոմիտասի երգերն ու այն ինչ գրվել է նրա մասին ու բացահայտելով Կոմիտասին, որ տեսանկյունով սկսեց նայել մեր պատմությանը։
Վերջին երկու տարվա ընթացքում Կոմիտաս վարդապետի մասին իմ վառ տպավորությունը հորս՝ Վարդան Պետրոսյանի «Վերելք» ներկայացումն էր, որը ներկայացվեց 40 անգամ, և որը ես նայեցի 39 անգամ։ Ներկայացումը Կոմիտասի, ցեղասպանության ու մեր իրականության մասին էր՝ թատրոնի կախարդական աշխարհում։ Սա ինձ համար Կոմիտասի բացահայտում էր։ Սկսեցի խորացված ուսումնասիրել Կոմիտասին՝ նրա երգերը, այն ինչ գրվել է նրա մասին։ Հասկացա, թե որքան սեր ու պատասխանատվություն կար նրա մեջ։
Կոմիտասին բացահայտելով՝ բացահայտեցի մեզ, հայերին, վերաբացահայտեցի մեր պատմությունը։ Նոր տեսանկյունով սկսեցի նայել մեր պատմությանը։ Անհամեստ չթվա, բայց, կարծես, ինքս ինձ էլ վերաբացահայտեցի, որպես հայ մարդ, որը ծնվել ու ապրում է հայ իրականության մեջ, մի խոսքով իմ ինքնությունը։
Կոմիտասը գրել է, որ երգը հոգու հայելին է։ Թվում է պարզ նախադասություն է, բայց պետք է հասկանաս՝ ինչ է երգը, ինչ է հոգին
Կոմիտասի երգերի ժառանգությունը, իմ կարծիքով, դա հայ ժողովրդի ձայների աշխարհ է, որը դրսևորվել է երգերի տեսքով։
Եթե մենք գնանք հազարավոր տարիներ հետ և փորձենք պատկերացնել, թե մեր նախահայրերի ու նախամայրերի էությունը ինչ ձայնային աշխարհում է ձևավորվել, դրանք բնության ձայներն էին՝ քամի արև, ծիտիկների ծլվլոց, աշխատանքային ձայներ, ասենք գութան անողի։ Այսինքն, մենք կարող ենք պտտվել, այսպես ասած, դեպի անցյալ ու այդ ձայնաշխարհի շնորհիվ տեսնել հայ մարդու էությունը։ Օրինակ, նրա վերաբերմունքը բնության հանդեպ։ Այն ժամանակ հայ մարդը բնության մասնիկն է եղել։ Այսօր տեսնում ենք, մեզ մոտ, ինչպես և աշխարհում ինչպես է մարդն ավիրում բնությունը։ Օրինակ, մի պարզ երգ կա, բայց իր հոգեբանության մեջ շատ հետաքրքիր՝ «Լորիկ»-ը։ Սա մարդու վերաբերմունքն է հայրենիքի ու բնության նկատամամբ։ Չէ՞ որ, տեսնելով վիրավոր լորիկին, նա կարող էր անտարբեր թողնել անցնել, կամ էլ տրորեր գնար։ Բայց ոչ, ուզում է օգնած լինել, գոտեպնդել։ Ասում է՝ քելե, քելե, լոր ջան, պետք է ուժերդ հավաքես, անպայման կվերականգնվես սիրուն ջան։ Տեսեք, ինչքան սեր ու մոտեցում կա բնության հանդեպ այս փոքր, պարզ երգում։ Մարդը հասկանում է, որ լորիկն էլ, ինքն էլ բնության մի մասնիկ են։ Մի բան, որ այսօր երկրագնդի բնակիչներին այնքան պակասում է։
Մենք ունենք նաև հարսանեկան ծեսի հարյուրավոր երգեր, որոնց թվում՝ թագվորական գովքեր։ Մանկուց լսել եմ, որ հայերը յոթ օր, յոթ գիշեր են հարսանիք անում։ Մտածում էի, այդքան խմել հնարավոր է՞։ Հետո արդեն պարզեցի, որ ամեն օրն իր նշանակությունն է ունեցել՝ փեսայի գովք, հարսի գովք, կենաց ծառ, խաղեր, պարեր, մրցույթներ։ Իմ կարծիքով, շատ ավելի բովանդակային է եղել։ Հարսին ու փեսային թագուհի ու թագվոր են ասել, բայց ոչ այն իմաստով, ինչ հիմա կարող ես որոշ «քյարթերից» լսես՝ «թագուհի քույրիկ, թագավոր ախպեր» արտահայտությունները։ Ինչքան լավ կլինի, որ սիրահարված զույգն, իրոք վերբերվի միմյանց, որպես թագուհու ու թագավորի։ Տղան ասի, սա իմ թագուհինա, նրանից էն կողմ որևէ մեկն ինձ պետք չի, նույնն էլ աղջիկը։
Կոմիտասն այն աշխարհն է, որով մենք կարող ենք իրար ճանաչել
Կոմիտասին ուսումնասիրելիս, հասկացա, թե որքան պարզ է մեր մշակույթը։ Պարզ, բայց ոչ հասարակ։ Հեշտ ընկալելի ու զգացմունքային։
Մեր ժամանակներում, ինչ կարող է անել Կոմիտասի ներկայությունը մեր կյանքում, երբ ջնջվում են լեզուները, ազգային մշակույթները, լատինատառ ենք գրում սոցհարթակներում։ Իմ համոզմունքով, Կոմիտասն այն աշխարհն է, որով մենք կարող ենք իրար ճանաչել և իրար պահել, պահպանել։ Կոմիտասի երգերով մենք հոգևոր կապն իրար հետ չենք կորցնի։ Դրանում եմ ես տեսնում այս երգերի ապրելու, տարածվելու նշանակությունը։ Բացի այդ, այս երգերն իրենց մեջ մի անբացատրելի կենսուրախություն ու կենսունակություն ունեն, սեր ունեն ու նվիրվածություն։ Մի բան, որ այս լարված աշխարհում պակասը զգացվում է։