Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երևանի հերթական բարեկարգ մանկապարտեզը. քաղաքապետարան (տեսանյութ)

 70-ական թվականներին հիմնադրված Երևանի թիվ 109 մանկապարտեզը հերթականն է, որտեղ ապահովվել են նոր ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 170 փոքրիկների համար: 2021թ. մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխեց կրթօջախի միջավայրը: Ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նախագիծը կյանքի է կոչվել Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում: Որպես աշխատանքների պարտադիր բաղադրիչ` այստեղ իրականացվել են նաև սեյսմիկ ամրացման ու էներգաարդյունավետ միջոցառումներ: Կարևոր այս նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է:

Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկից, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից, Կանաչ կլիմայի հիմնադրամից և Երևան համայնքի բյուջեից: Թիվ 109 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների արժեքը կազմում է շուրջ 430 մլն ՀՀ դրամ: Գործընկեր կառույցների աջակցությամբ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում առաջիկա տարիներին ևս համայնքային մի շարք մանկապարտեզներ, արդեն նաև պոլիկլինիկաներ կհիմնանորոգվեն: Մինչ երկրորդ փուլի մեկնարկը՝ 2023թ.-ին Երևանում համայնքային ու միջազգային ծրագրերով ընդհանուր առմամբ հիմնանորոգված շահագործման կհանձնվի 23 մանկապարտեզ:

Քաղաքային իշխանության մոտեցումն այս հարցում հստակ է. երևանյան բոլոր մանկապարտեզները պետք է լինեն բարեկարգ ու հարմարավետ:

Այդ մասին հայտնում են Քաղաքապետարանից։