Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հողի վարձակալության ժամկետը մինչև 2029թ. երկարաձգված է, բայց գիշերով եկել են, որ քանդեն գույքս (տեսանյութ)

Հոկտեմբերի 13-ի առավոտյան Շինարարների փողոցում նախատեսված էր խանութների և այլ շինությունների ապամոնտաժում։ Սակայն Հովհաննես Մինասյանի խոսքով՝ իր՝ շուրջ 100 քմ մակերեսով խանութի մոտ քանդման աշխատանքներ իրականացնելու համար եկել են արդեն հոկտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը 22։00-ի սահմաններում։

Մինասյանը պնդում է, որ Շինարարների փողոցում գտնվող իր տարածքի հողի վարձակալության ժամկետը երկարաձգված է մինչև 2029 թվականը։ Նրա խոսքով՝ համապատասխան փաստաթուղթը ստորագրել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հողի վարձակալության ժամկետը մինչև 2029 թվական երկարաձգված է, բայց գիշերով եկել են, որ քանդեն»,- ասում է Հովհաննես Մինասյանը։

Նա պատմում է, որ տնտեսվարողները առավոտյան բողոքի ակցիա են անցկացրել Երևանի քաղաքապետարանի մոտ՝ փորձելով կանխել իրենց խանութների ապամոնտաժման գործընթացը, սակայն, իր խոսքով, բողոքը որևէ արդյունք չի տվել։ Արդյունք չեն տվել նաև փաստաթղթերը, ըստ որոնց շատ տնտեսվարողներ համարվում են շինությունների սեփականատերեր։

Մինասյանի համար հարցը միայն տարածքը կորցնելը չէ․ նա վիճարկում է նաև քանդման ժամկետն ու իրավական հիմքերը՝ մատնանշելով հողի վարձակալության երկարաձգման փաստաթուղթը։

Տնտեսվարողները այս պահին պահանջում են պարզաբանումներ ստանալ քաղաքային իշխանություններից։ Մինչդեռ Մինասյանի խոսքով՝ նախատեսված ապամոնտաժումից ժամեր առաջ իրենց գույքի նկատմամբ գործողություններն արդեն սկսվել են։