Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Պաշտոնական

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Թումո»-ն ստորագրել են համագործակցության հուշագիր

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում իրականացվող առաջին ծրագրով նախատեսվում է Գյումրու «Մուշ» թաղամասում տեղադրել Թումո տուփ։

Ծրագրի շնորհիվ կընդլայնվեն 12–18 տարեկան պատանիների՝ ժամանակակից տեխնոլոգիական և ստեղծարար կրթություն ստանալու հնարավորությունները։

Հուշագիրը Գյումրու Թումո կենտրոնում ստորագրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանը և Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։ 

«Համայնքների կայուն զարգացումը միայն ենթակառուցվածքների կառուցմամբ չի ավարտվում։ Կարևոր է, թե այդ ենթակառուցվածքներն ինչ հնարավորություններ են ստեղծում մարդկանց համար և ինչպես են փոխում համայնքի կյանքը երկարաժամկետ հեռանկարում։ 

«Մուշ» թաղամասում Հիմնադրամն արդեն նպաստել է տասնյակ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը։ Թումոյի հետ համագործակցությամբ ցանկանում ենք հաջորդ քայլն անել՝ ներդրում ունենալ երեխաների կրթության, կարողությունների զարգացման և համայնքի ապագայի մեջ։ Սա այն մոտեցումն է, որը ձգտում ենք հետևողականորեն զարգացնել մեր ծրագրերում», - նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանը։

Հիմնադրամը Գյումրու «Մուշ-2» թաղամասում կառուցել է չորս բնակելի շենք՝ մշտական բնակարաններով ապահովելով նախկինում ժամանակավոր կացարաններում ապրող 86 ընտանիքի։ Կառուցվել է նաև մանկապարտեզ, ուր հաճախում է 50 երեխա, իսկ բնակելի շենքերում ստեղծվել է 4 արվեստանոց։

Թումո տուփը կլրացնի թաղամասում արդեն ձևավորված բնակելի և սոցիալական միջավայրը՝ պատանիներին հնարավորություն տալով զարգացնելու տեխնոլոգիական ու ստեղծարար հմտությունները, մասնակցելու կրթական ծրագրերին և ավելի ակտիվ ներգրավվելու համայնքային կյանքում։ «Մուշ» թաղամասի Թումո տուփի ուսանողները տեղում կկատարեն ինքնուսուցման վարժանքներ, իսկ դասընթացների համար կայցելեն Թումո Գյումրիի կենտրոն, որը ծառայում է քաղաքի պատանիներին 2015 թվականից։

«Թումոյի համար կրթությունը նոր հնարավորություններ ստեղծելու միջոց է։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությունը թույլ կտա այդ հնարավորությունները հասանելի դարձնել ավելի շատ պատանիների համար, հատկապես՝ համայնքներում։ 

Ուրախ ենք այս գործընկերության մեկնարկի համար», - նշել է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Հուշագիրը համագործակցության ավելի մեծ շրջանակ է նախատեսում՝ ուղղված Հայաստանի մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնմանը, կրթական բաղադրիչների ներառմանը համայնքային զարգացման ծրագրերում և Հայաստանի ու Սփյուռքի գործընկերների ներգրավմանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին

1992 թվականին հիմնադրված «Հայաստան» համահայկական հիմնադրամը համախմբում է Հայաստանի և Սփյուռքի ներուժը՝ Հայաստանի համայնքների կայուն զարգացումն ու բնակչության կյանքի որակի բարելավումն ապահովելու նպատակով։

Հիմնադրամի՝ 2026 թվականի տվյալների բազայի համաձայն՝ իրականացվել է 1,136 նախագիծ, որից 125-ը (11%)՝ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում։ Ծրագրերն ընդգրկում են նաև ենթակառուցվածքների զարգացումը, առողջապահությունն ու գյուղատնտեսությունը։

Թումոյի մասին

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անվճար կրթական ծրագիր է, որն օգնում է պատանիներին ուսումնասիրել տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտները։

Հիմնադրվելով Հայաստանում՝ Թումոն աստիճանաբար ընդլայնվել է նաև աշխարհի այլ երկրներում։ Այն համատեղում է ինքնուսուցումն ու դասընթացները գործնական աշխատարանների հետ՝ պատանիներին պատրաստելով արագ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին։