Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess 2.10.
A A
Սպորտ

Մարիամ Մկրտչյանը և Մամիկոն Ղարիբյանը գրավեցին 4-րդ տեղը. շախմատի ԱԵԱ

Մեխիկոյում ավարտվեց շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մեդալների համար պայքարող Հայաստանի երկու շախմատիստները չնայած վերջին տուրում հաղթանակ տարան, սակայն այդպես էլ մրցանակային տեղ չգրավեցին:

 

Մինչև 20 տարեկան շախմատիստուհիների մրցաշարում Մարիամ Մկրտչյանը ընթացիկ պարտիայում պարտության մատնեց հնդկուհի Մունիկա Բոմինին և վաստակեց 8 միավոր: Ավաղ, հաղթանակ տարան նաև նրա հիմնական մրցակիցներից երկուսը: Արդյունքում, երեք շախմատիստուհի վաստակեցին 8,5-ական միավոր: Նրանցից աշխարհի չեմպիոն ճանաչվեց կանանց գրոսմայստեր Կանդելա Գուեկամբուրուն, որը 9-րդ տուրում հաղթել էր հենց Մարիան Մկրտչյանին:

 

Այդ մրցաշարի մեր մյուս մասնակիցը, Ասյա Եդիգարյանը, 11 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և զբաղեցրեց 36-րդ տեղը:

 

Տղաների մրցաշարում հանդես եկող Մամիկոն Ղարիբյանը եզրափակող տուրում հաղթեց գերմանացի գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեին և երեք մասնակիցների հետ միասին վաստակեց 8,5-ական միավոր: Մեդալակիրներին որոշելու համար կազմակերպիչները դիմեցին լրացուցիչ ցուցանիշների օգնությանը: Ավաղ, մեր շախմատիստը այդ ցուցանիշներով գրավեց 4-րդ տեղը: Աշխարհի չեմպիոն հռչակվեց ֆրանսիացի Մարկ Անդրիա Մաուրիցին: