Ճանապարհը բաց արեք, ասեք, ով չի ուզում այստեղ մնալ, թող դուրս գա , գնա․ Արցախի տեղահանված բնակիչ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռաջաձորցի 80-ամյա ուսուցչուհի Սվետլանա Ալավերդյանը երկրորդ որդուն կորցրեց մի քանի օր առաջ։ Առաջինը զոհվել էր 44-օրյա պատերազմում։ Ստեփանակերտի կացարաններից մեկում գտնվող կինը հայրենի գյուղից փախել է սեպտեմբերի 20-ին, երբ ադրբեջանական զինուժը սկսել է գնդակոծել գյուղը։
« Աջից կրակում էին, ձախից կրակում էին, իրար հետեւից դուրս ենք եկել,առանց շոր վերցնելու, նստել ենք ու գնացել օդանավակայան։ Այնտեղից էլ հրաժարվեցին ուղարկել, ու չգիտեինք ուր գնալ․ ում տուն գնալ, մութն ընկել էր արդեն։ Այնտեղից այստեղ են քշում, ինչ անենք։ Ճանապարհը բաց արեք, ասեք, ով չի ուզում այստեղ մնալ, թող դուրս գա , գնա։ Ով ուզում է՝ թող մնա, մեր պահանջն այդ է։ Ինչ անենք, մնացա՞ծս էլ կոտորվենք։ Երկու տղա եմ ունեցել, տվել եմ, էլ ինչ տամ»,- արտասվում է ուսուցչուհին, որը չի ուզում կորցնել արդեն թոռներին։
Կուսապատի բնակիչ Արմենուհի Կարապետյանի որդին 44 -օրյայում է զոհվել։
«2020 թվին այդքան երեխու գլուխ կերան: Իմ 24 տարեկան տղան էլ է 2020 թվին զոհվել: Երեխուս լուսանկարը վերցրել եմ ու դուրս եկել, ուրիշ ոչ մի բան: Տուն -տեղ սարքես , որ պետք է մնացած երեխեքիդ գոնե կարողանաս պահես, այսօր գցեն քուչեքը, թափառական սարքեն: Ափսոս մեր տղերքի արյունը։ Ափսոս մեր հողերը, հանուն որի մեր տղերքը իրենց կյանքը զոհել են, իսկ այսօր... Ես իմ տղայի գերեզմանն եմ կարոտում․ուրիշ բան չեմ ափսոսում»,- ասում է նա։
Տիկին Արմենուհին մի հարցի պատասխան այդպես էլ չի գտնում․ «2020թ-ին մեզ բոլորիս հանել էին, բայց ինչու հետ բերեցին, որ մենք արյան գնով պայքարենք ու ոչ մի արդյունքի չհասնենք։ Այստեղ հետ բերելու իմաստը որն էր։Ես այդ հարցն ուղղում մեր կառավարությանը, հարցնում եմ Փաշինյանին,Արայիկ Հարությունյանին։ Ասել էին, արի տուն, եկել ենք, հիմա տուն ունե՞նք»։
Մանրամասները՝ տեսանյութում