Արցախի խորհրդարանը արտահերթ նիստ է հրավիրել․ ՈւՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 21-ին Արցախի Հանրապետության խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել:
Օրակարգում ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձն էր:
Միավորված ազգերի կազմակերպության մշտական անդամ երկրների ղեկավարներին ելույթով նախ դիմել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար աղետին՝ խորհրդարանի ղեկավարը շեշտել է.«Այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի ու գոյութենաբանական խնդրի առջև: Վտանգված է մեր ֆիզիկական գոյությունը, կյանքի ամեն մի օրը կարող է դառնալ վերջինը:
Հայի այս տեսակը՝ խաղաղասեր, աշխատասեր ժողովուրդ է, որ միշտ իր կյանքը կառուցել է քրտնաջան աշխատանքով, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների մղումով»:
Արթուր Թովմասյանը համոզված է՝ միայն քաղաքական լուծումները կարող են խաղաղություն բերել տարածաշրջան:
Ազգային ժողովի ուղերձի տեքստը ներկայացրել է ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը: ԱՀ Ազգային ժողովը կոչ է անում Հայաստանի Հանրապետությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանված ընթացակարգով դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ։
Դիմելով միջազգային հանրությանը՝ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-երկրների, ԱՀ խորհրդարանը կոչ է անում հավատարիմ լինելով ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին գլխում սահմանված նպատակներին ու սկզբունքներին և առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխում սահմանված կարգով՝ ընդունել իմպերատիվ բնույթի որոշում (բանաձև)՝ ձեռնարկելով և սահմանելով Արցախում խաղաղություն պարտադրելու գործուն միջոցներ:
Ազգային ժողովի ուղերձը գլխադասային հանձնաժողովի կողմից արժանացել էր դրական եզրակացության: Այն ընդունվել է 31 կողմ ձայնով:
Մտքերի փոխանակությամբ հանդես է եկել պատգամավոր Նելա Գրիգորյանը, որն իր ելույթում սթափության կոչ է անում հայաստանյան իշխանություններին: